Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կայանալիք 7-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի նախատեսել է 400 ֆիլմ ցուցադրել:
7-րդ «ՌեԱնիմանիա»-ն 1200-ից ավելի հայտ է ստացել: Ընտրված 400-ից 184-ը կմասնակցեն 5 մրցութային ծրագրերի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»։
Բացի մրցութային ծրագրերում ընդգրկված անիմացիոն ֆիլմերից, փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմերի ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, կլինի նաև պատկերապատումների ցուցահանդես։
«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ այս թեմային նվիրված 12 պատկերապատված գրքեր կան, որոնցից 4-ն այս տարի են լույս տեսել:
Կարդացեք նաև
Ըստ Վ. Քասունու՝ արդեն յոթերորդ անգամ անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնի ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ կարողացել է միջազգային հարթակ ստեղծել հայ կինոգործիչների համար. «Դա առաջին հերթին ինքնավստահություն է տալիս մեր մասնագետներին և հատկապես երիտասարդներին, որոնք հանկարծ տեսնում են, որ աշխարհի ամենաճանաչված ռեժիսորներից մեկը նստած է իրենց կողքին, և նրանք զրուցում են իրար հետ»,- ասաց նա:
Հավելենք, որ փառատոնը կբացվի ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի ռեժիսոր Ռոջեր Ալերսի «Մարգարեն», որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ