Հոկտեմբերի 24-ին մայրաքաղաքի Բուենոս-Այրեսի այգում կկայանա «Street Workout»-ի (բակային սպորտ) Հայաստանի երրորդ առաջնությունը, որին մասնակցելու իրավունք տրվել է 17 ուժեղագույն աթլետների:
Այդ առիթով այսօր ՀՀ ԿԳՆ-ում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի համահիմնադիր-ղեկավար Արթուր Հարությունյանը, ֆեդերացիայի համահիմնադիր, «Run Armenia» ծրագրի հիմնադիր նախագահ, մոսկվաբնակ Ղազար Հակոբյանը եւ ԿԳ նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը (կենտրոնում):
Բացելով ասուլիսը՝ Արման Այվազյանը լրագրողներին ասաց, որ ԿԳ նախարարությունը փորձում է հնարավորությունների սահմաններում աջակցել բոլոր այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը միտված է պատանիների ու երիտասարդների ուսուցման եւ դաստիարակության գործընթացին: «Նման ծրագիր իրականացնում ենք նաեւ մեր այսօրվա գործընկերների հետ: «Street Wokout»-ը նորություն է Հայաստանի Հանրապետությունում, բայց հասցրել է գրավել մեր երիտասարդների եւ պատանիների ուշադրությունը: ԿԳ նախարարության նպատակներից է՝ կարողանալ բակային մարզաձեւերի միջոցով երեխաների մեջ առողջ ապրելակերպ սերմանել, որպեսզի երեխաները կարողանան բակերում եւ փողոցում էլ իրենց ազատ ժամանակը ճիշտ կազմակերպել, զերծ մնան արատավոր երեւույթներից, որոնք կան փողոցում», – ասաց Արման Այվազյանը:
Բակային սպորտի առանձնահատկությունն այն է, որ դրանով զբաղվել սկսելու համար հատուկ մարզագույքի կամ վարժասարքի անհրաժեշտություն չկա: Ցանկացած բակում, առավել եւս՝ դպրոցական դահլիճում, բացօթյա խաղահրապարակում կա գոնե մեկ պտտաձող, որի վրա սկզբնական շրջանում կարելի է ձգումներ եւ պարզ վարժություններ կատարել, ուստի, հենց դպրոցական խաղահրապարակները եւ մարզադահլիճները կարող են ծառայել այս մարզաձեւի տարածմանը, հետեւաբար նաեւ՝ բակային սպորտի միջոցով պատանիների ու երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, ինչը նաեւ նրանց մեջ սեր կարթնացնի ֆիզկուլտուրա առարկայի դասերի նկատմամբ:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ֆիզկուլտուրայի դասերի նկատմամբ սեր առաջին հերթին պետք է արթնացնել դպրոցների ղեկավարների եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների մեջ, ինչի բացակայության պատճառով հանրապետության դպրոցների մեծ մասում առարկայի դրվածքը, մեղմ ասաց, բարվոք չէ, Արման Այվազյանը պատասխանեց. «Այնքան էլ համաձայն չեմ ուսուցիչների եւ տնօրենների հետ կապված ձեր հարցադրմանը: Դպրոցներում այսօր խնդիրը կապված է միայն գույքի, մարզադահլիճների եւ բացօթյա խաղահրապարակների նորոգման հետ: Մենք ունենք ֆիզկուլտուրայի դասավանդման 12-ամյա ծրագիր, որը կովկասյան երկրներում ծրագրերի մրցույթում հաղթող է ճանաչվել: Հիմա մեր ֆիզկուլտուրայի ինստիտուտում այդ ծրագիրը մշակում են՝ տեղայնացնելով այդ երկրների համար: Մենք ունենք ծրագիր, ունենք նաեւ պատրաստված ուսուցիչներ, բայց չունենք այն վարժասարքերը, գույքը, որոնք կարող են տալ այն արդյունքները, որը մենք պահանջում ենք: Ցանկացած երեխա սիրում է խաղալ: Երեխան, տեսնելով վարժասարքերը, ավելի ոգեւորված է մասնակցում դասերին: Այսօրվա միակ խնդիրը, որ փորձում է լուծել նախարարությունը, դպրոցական մարզադահլիճները, խաղահրապարակները վերանորոգելն է եւ դրանք համապատասխան գույքով հագեցնելը: Դա ահռելի գումար է եւ մենք փորձում ենք դրանք աստիճանաբար լուծել: Այսօր մենք ունենք դպրոցական սպորտ եւ մեր դպրոցական աշակերտ-մարզիկները 2013 թվականից սկսած մասնակցում են աշխարհի առաջնություններին, հաղթում ու մրցանակային տեղեր են զբաղեցնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ