Մասիս քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Արմեն Մանուկյանը 2015թ. օգոստոսի 1-ին օգտագործելով իր լուսանկարով եւ կենսորոշիչ տվյալներով, սակայն առանց որեւէ փաստաթղթային հիմքի տրամադրված ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիրը, ուր նշված է եղել հաշվառման կեղծ տվյալ՝ Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, Հայաստանից մեկնել Վրաստան, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» հսկիչ-անձնագրային կետի սահմանային վերահսկողության աշխատակիցների կողմից այդ փորձը կասեցվել է: Պարզվել է, որ Ա.Մանուկյանը օգտագործելով կեղծ անձնագիրը, ապօրինի հատելով ՀՀ պահպանվող պետական սահմանը, 2013-2015 թվականների ընթացքում «Բագրատաշեն» հսկիչ-անձնագրային կետով 8 անգամ Հայաստանից մեկնել է Վրաստան եւ վերադարձել: Ա. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, 329 հոդվածի 1-ին մասով եւ 34-329 հոդվածի 1-ին մասով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա, Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ դատաքննությունը սկսվելը Ա. Մանուկյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Արմեն Մանուկյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով, 325 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել տուգանքի ՝ 200 հազար դրամի չափով, 329 հոդվածի 1-ին մասով դատապարտել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով, 34-329 հոդվածի 1-ին մասով՝ տուգանքի՝ 100 հազար դրամի չափով: Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա. Մանուկյանին վերջնականապես դատապարտել տուգանքի՝ 400 հազար դրամի չափով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ