«Խոշոր մրցույթներում հաղթում են այն ընկերությունները, որոնք, ըստ էության, շուկայում գերիշխող դիրք ունեն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» նման հայտարարություն արեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը` «Գնումների համակարգի մոնիտորինգային հաշվետվություն. հիմնական զարգացումները 2014-2015 թթ-ին» թեմայով ասուլիսի ժամանակ:
Փորձագետի համոզմամբ, մեր երկրում, պետական գնումների համակարգում, կենտրոնացումը հետզհետե խորանում է, մրցակցություն ասածն էլ ավելի խաթարվում է. «Կամայական նոր խաղացող, նոր մասնակից կարող է հաղթել միայն փոքրարժեք, որևէ հեռանկար իր համար չպարունակող մրցույթներում»:
Հակակոռուպցիոն կազմակերպության դիտարկումների արդյունքում նաեւ թափանցիկության որոշակի անկում է նկատում: Այս առիթով, կազմակերպության կողմից արված օրենսդրական առաջարկները հիմնականում շարունակում են արդիական մնալ, դաշտը` ոչ բարելավված:
«Մեկ անձ նշանակում է ոչ թափանցիկ: Այսինքն, մեծ հաշվով չունենք մրցույթ ասվածը, մինչդեռ պետական գնումները պետք է լինեն այն հարթակները, որոնք նպաստեն մրցակցության ստեղծմանը»,- ասաց փորձագետը` հավելելով, որ գնումների ընթացակարգերի 65 տոկոսը մեկ անձով է պայմանավորված:
Կարդացեք նաև
Փորձագետի համոզմամբ, «Գնումների մասին» օրենքը շուկայում պետք է շահերը հավասարակշռի, մինչդեռ այն ավելի շատ ուղղված է դեպի պատվիրատուն. «Պատվիրատուն իր մոտ դագանակ ունի, մրցույթի մասնակցի նկատմամբ կարող է խտրական մոտեցումներ կիրառել: Գնումների բողոքարկման խորհրդի կողմից քննված բողոքների շուրջ 46 տոկոսը բավարարվել է, այսինքն 46 տոկոսի դեպքում մասնակցի շահերը խախտվել են»,- ասաց նա: Իրավիճակը շտկելու համար, ըստ բանախոսի, պետք է պատվիրատուներն իրենց սխալ որոշումների համար պատիժներ կրեն:
Ի դեպ, այս ոլորտում յուրահատուկ ցուցիչ է նաեւ Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունը: «ՌԴ օրենսդրության համաձայն 15 տոկոս գնային նախապատվություն է տրվում ռուսական ընկերություններին: Սա նշանակում է, որ կոռուպցիայի մակարդակն այդքան աճելու է: Գնային նախապատվություն տալը տրամաբանական չէ, քանի որ մրցակցային խաղի կանոններին հարիր չէ: Եթե պետությունն ուզում է հայրենական արտադրողին, ԵԱՏՄ-ին խթանի, ստեղծում է ինչ-որ ֆինանսական երաշխիքներ, արտոնյալ վարկային տոկոսադրույքներ, ոչ թե գնային նախապատվություն է տալիս: Դա պետք է արվի անուղղակիորեն, ոչ թե ուղղակիորեն, քանի որ եթե դա անուղղակի ես անում, մրցակցությունը խթանում ես, ուղղակի ես անում՝ մրցակցությունը խեղաթյուրում ես»,- ասաց փորձագետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի