Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը հայկական կողմից վաճառելու մասին լուրերին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը չի հավատում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ի պատասխան լրագրողների հարցին, ասաց. «Բայց ինչո՞ւ պիտի վաճառեին, ես անձամբ չեմ հավատում, նման բան չի կարող լինել»:
Հիշեցնենք, որ երբ Եվրո- 2016-ի որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Ալբանիայի ազգային հավաքականին, սերբական եւ ալբանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանին 2 մլն եվրո է վճարել հաղթանակը գնելու համար:
Լրագրողների հարցին՝ քննություն անցկացնելու անհրաժեշտություն չկա՞, ինչո՞ւ է նախարարն այդպես վստահ պնդում, որ նման բան չէր կարող լինել, Ղազարյանն ասաց՝ «Ինչ-որ պետք է՝ արվում է: Քննարկումներ են անցկացվում ֆեդերացիայում, որովհետեւ ֆեդերացիան ունի նախագահություն, որը զբաղվում է այդ հարցերով»: Ղազարյանը չմանրամասնեց, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում, նշելով, որ ինքը տեղյակ չէ, բայց երբ լրագրողները հիշեցրին, որ Ղազարյանը որպես սպորտի նախարար պարզապես պարտավոր է տեղյակ լինել, թե ինչ է կատարվում Ֆուտբոլի ֆեդերացիայում, նախարարն ասաց. «Ուրեմն ես ձեզ ասեմ՝ ես տեղյակ եմ յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում»:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն Սերբիայի բողոքի հիման վրա կհետաքննի Հայաստան-Ալբանիա հանդիպման հանգամանքները:
Կարդացեք նաև
Արդյոք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պետք է այդ պաշտոնից հեռացնել, ի՞նչ պիտի արվի, որպեսզի հայկական ֆուտբոլը զարգանա, Գաբրիել Ղազարյանի դիտարկումները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ