Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս աշխատում է մի քանդակի վրա, որը պատրաստվում է նվիրել Հռոմի պապին: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ է քանդակում, ընդամենն ասաց, որ ստեղծագործության խորհուրդը Հռոմի պապի՝ դարի թիվ 1 մարդ լինելն է:
«Հռոմի պապը իր հայտնի քայլով ոչ թե պաշտպանեց հայ ժողովրդին եւ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին, այլ պաշտպանեց քաղաքակրթությունը: Որեւէ մեկը երբեք այդքան ուժեղ չի գտնվել, որքան ինքը: Նա կանգնեց քրիստոնեական քաղաքակրթության եւ ամենաբարձր արժեքի՝ բարոյականության կողքին: Ես խոնարհվում եմ Հռոմի պապի մեծության առաջ, որը քաղաքակրթության ամենամեծ խորհրդանիշն է ինձ համար»,- հայտնեց պարոն Առաքելյանը: Քանդակագործը նշեց, որ քանդակը բրոնզից է լինելու: Նա առանց «փակագծեր բացելու» ասաց, որ այդ քանդակը մինչեւ Հռոմի պապին ուղարկելը կտեսնեն նաեւ հայաստանցի արվեստասերները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ