Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահի պաշտոնում Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումն անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար: Այս մասին այսօր Քոչարյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
ԱԳ փոխնախարարի խոսքերով՝ «Նախագահի տեղը պատկանում է Հայաստանին՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի: Ըստ այդ համաձայնագրի՝ պետք է հերթով, այբբենական ցանկով եւ 4 տարի ժամկետով ղեկավարվի պետությունների ներկայացուցիչների կողմից: Նախկին կոլեգիայի անդամները որոշակի պաշտոնավարման ժամկետ ունեին, որը համաձայնագրով նախատեսված էր, եւ մինչեւ փետրվար այդ լիազորությունները կավարտվեն:
Հիմա 2 հարց կար՝ առաջինը՝ արդյոք շարունակելո՞ւ են պետությունները երեքական ներկայացուցիչ ունենալ: Ինչո՞ւ, որովհետեւ այդ թիվը ֆիքսված չէ, դա վերապահված է բարձրագույն խորհրդին: Բարձրագույն խորհուրդը մի որոշում կայացրեց, որ պետք է 2 անդամ լինի, դա ենթադրում է կառուցվածքի վերանայում: 2-րդը՝ միաժամանակ քանի որ Հայաստանն է ղեկավարելու կոլեգիային, Հայաստանի թեկնածությունը հաստատվեց»: Ըստ Շավարշ Քոչարյանի, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներն աշխատել են Տիգրան Սարգսյանի հետ, նրան գիտեն, եւ նրա թեկնածության հարցում որեւէ տարաձայնություն չի եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ