Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 3 դատավորները պետք է ամաչեն մարդկանց աչքերին նայելուց, պիտի հրաժարական տան». Արմինե Օհանյան

Հոկտեմբեր 22,2015 15:28

«Սա ցույց է տալիս, որ ՀՀ անկախությունից ի վեր այն բազմաթիվ դեպքերը, երբ իրավապահ մարմինները լրատվամիջոցներին են դիմել եւ պահանջել, հորդորել են, որ բացահայտեն տեղեկատվության աղբյուրը, որեւէ կապ չեն ունեցել իրավունքի հետ: Այդ բոլոր պահանջներն անօրինական են եղել, ինչը մենք միշտ նշել ենք մեր զեկույցներում: Հիմա իրավապահ մարմինները պարտավոր են հաշվի առնել ՍԴ այդ որոշումը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով Սահմանադրական դատարանի՝ հօգուտ ԶԼՄ-ների կայացրած որոշման մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հստակ սահմանել էր, թե որ դեպքերում կարող են պարտադրել լրագրողին բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը եւ գտել էր, որ դատարանները iLur.am կայքի եւ «Հրապարակ» օրաթերթի գործերում օրենքը կիրառել են այլ մեկնաբանությամբ, ուստի նրանց վճիռները ենթակա են վերանայման:

Աշոտ Մելիքյանը չի բացառում, որ կլինեն անգրագետ քննիչներ, դատավորներ, որոնք ծանոթ չեն լինի այդ որոշմանը կամ ինչ-ինչ պատճառներով նորից կանտեսեն ՍԴ որոշումը: Բայց արդեն կարեւորն այն է, որ հիմք կա, որ դատարանը այդպիսի անհեթեթ պահանջներ ԶԼՄ-ների առջեւ չդնի:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքերով՝ այդ գործընթացը իրենցից շատ նյարդեր, ժամանակ է խլել եւ շեղել բուն գործունեությունից: Նա նշեց, որ ՍԴ այս որոշումը կայացվել է Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ, որովհետեւ գուցե որպես ԶԼՄ իրենք բողոքարկեին, բայց այսքան պատշաճ եւ բարձր մակարդակով չէին կարող այդ գործը տանել մինչեւ հանգուցալուծում: Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանն էլ են աշխատել այս գործի համար:

Արմինե Օհանյանը ապշած է այն երեք դատավորների վերաբերմունքից, որոնք վճիռ են կայացրել իրենց դեմ. «Այդ 3 դատավորները պետք է պարզապես ամաչեն մարդկանց աչքերին նայելուց, պիտի հրաժարական տան: Ի վերջո` պետք է հետեւություն անեն: ՍԴ-ն էլ բնականաբար զերծ չի ճնշումներից, իրենց վրա էլ գոնե փորձեր կանեն ճնշումներ գործադրել, բայց փառք Աստծո, այդպիսի որոշում կայացրեց: Սա մամուլի հաղթանակն է: Մենք իշխանության դեմ շատ հաճախ անարդարացիորեն պարտվում ենք, սա այն քիչ դեպքերից է, որտեղ հաղթել ենք»:

Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ ԶԼՄ-ն տեղեկատվության աղբյուրը պետք է բացահայտի, երբ կա կենսական նշանակություն, բայց Հայաստանում այդպիսի դեպք չի հիշում. «Պետք է ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածում լինեն փոփոխություններ»:

Ըստ իրավապաշտպանի, որոշակի հստակեցումների կարիք կա նաեւ այն դեպքերում, երբ հրապարակվում է մի նյութ եւ սոցցանցերում դրա տակ բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են լինում. «Մենք չգիտենք՝ դա զրպարտություն է, թե ինչ է, բայց մարդը այդպես կարծում է, դա իր սուբյեկտիվ ընկալումն է: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան դիմելու պաշտպանության միջոցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031