«Գրիպի համաճարակային իրավիճակ չի նշանակում, որ երկրում համաճարակ է, դա ուղղակի համաճարակի բնութագրում է»,- այսօր առողջապահության նախարարությունում ասաց Վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Ըստ նրա, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք: Հոկտեմբերին առաջին փուլն է, փետրվարին` երկրորդ: Այս պահի դրությամբ, տիկին Թորոսյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատությամբ, դեպքերի ավելացում չկա, բարդ դեպքեր` թոքաբորբերով` նույնպես:
Մասնագետն ասաց, որ նման վարակների պարագայում երեխաների օրգանիզմն ավելի խոցելի է, քան` մեծահասակներինը, այդ իսկ պատճառով, գրիպի պատճառով հիվանդանոց տեղափոխվածները հիմնականում մանուկներ են:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ բոլոր պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում բաժանվել է գրիպի դեմ պատվաստանյութը եւ կամավոր սկզբունքով մարդիկ կարող են պատվաստվել:
Տիկին Սահակյանի խոսքերով, անհրաժեշտ է, որ պատվաստվեն հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները` սրտանոթային, էնդոկրին, շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք գրիպի իրավիճակից ծանր են դուրս գալիս:
Ռիսկի խմբում են նաեւ բուժաշխատողները: Գայանե Սահակյանը նաեւ ասաց, որ պատվաստանյութը 15 հազար դեղաչափ է ձեռք բերվել եւ ամբողջը բաժանվել է առաջնային բուժօգնության օղակին: Տիկին Սահակյանն ասաց, որ պատվաստվել չի նշանակում այլեւս վարակը չվերցնել: Մարդը կարող է վարակվել A գրիպի այլ ենթատեսակներով, որոնք 140-ից ավելին են:
Կարդացեք նաև
Լիանա Թորոսյանի խոսքերով, չվարակվելու եւ չվարակելու համար պետք է գրագետ կանխարգելիչ միջոցառումներ անել. հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, պահպանել հազալու, փռշտալու հիգիենան, անհարկի հակաբիոտիկներ չխմել, քանի որ դրանք որեւէ կերպ չեն օգնում հարուցիչից ազատվելուն:
Ներկայումս արձանագրվող վարակները ավելի շատ մրսածության գործոնով է պայմանավորված, բժիշկները խորհուրդ տվեցին, որ մինչեւ 38 ջերմաստիճանի դեպքում դեղ չխմել, իսկ եթե բարձրանում է` դիմել բժշկի:
Aravot.am-ի հարցին, թե գրիպի դեմ պատվաստանյութն ինչ հակացուցումներ ունի, տիկին Սահակյանն ասաց, որ այն չի արվում, եթե մարդու մոտ սուր վիճակներ են, չարորակ նորագոյացություն կա կամ հավի ձվի սպիտակուցի նկատմամբ մարդն ալերգիա ունի, քանի որ վիրուսը աճեցվում է հավի սաղմում եւ նրանից վերցված մասնիկներից էլ պատրաստվում է պատվաստանյութը:
Մեր այն հարցին էլ, թե հարավասիական երկրներում կրկին թռչնագրիպի դեպքեր են արձանագրվում, արդյոք վտանգ կա նոր համաճարակի, Լիանա Թորոսյանն ասաց, որ H5 վիրուսին փոխարինելու են եկել H7 եւ H9 վիրուսները, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն ինչ անում է, որ վիրուսն այդ երկրների սահմաններից դուրս չգա: Բացի այդ, ըստ տիկին Թորոսյանի, տարեցտարի այդ վիրուսի ռիսկայնությունը նվազում է, քան` բարձրանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ