Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների դեմ հետապնդումը շարունակվում է

Հոկտեմբեր 22,2015 15:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը` պատճառաբանությամբ, որ այն ենթակա չէ դատարանի քննության:

Նշենք, որ փաստաբանը վիճարկում էր դատախազ Ռ. Էլիզբարյանի՝ քրգործի հարուցումը կարճելը վերացնելու որոշումը:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով: Նա մեղադրվում է մոտ երկու տարի առաջ քննված քրեական գործով անցնող վկայի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու եւ տարածելու մեջ:

Նիստի ավարտից հետո Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ այս որոշումը ցույց է տալիս, որ ՀՀ դատարանները նույնանման գործերով տարբեր մոտեցումներ է ցուցաբերում:

Այնուհետև մանրամասնեց. «Դատախազի մասով դատարանն ասում է, որ ինքն այդ հարցը չպետք է քննության առարկա դարձնի, այն քննության առարկա կդառնա ըստ էության գործը քննելիս: Սակայն մեր բողոքում ներկայացվել էին բազմաթիվ դեպքեր և կոնկրետ օրինակ, երբ առաջին ատյանի դատարաններն անդրադարձել էին այս հարցին»:

Պարոն Բաղդասարյանն արձանագրում է հետևյալը. «ՀՀ-ում նույնանման գործերով տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում: Կոնկրետ նույնանման գործ կա, որ Արաբկիրի դատարանը լրիվ այլ կերպ է վարվել: Պետք է հասկանանք, թե ինչու Վճռաբեկ դատարանն իր տեղում չի գտնվում, ինչո՞ւ, եթե անհրաժեշտ է լինում կոնկրետ գործն իրենք քննության են ընդունում և որոշում կայացնում, Նիկոլայ Բաղդասարյանի գործով լրիվ այլ կարգի է գնում ամեն ինչ, ու երկու ընթացակարգերն էլ Վճռաբեկ դատարանը դիտում է օրինական»:

Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցրեց, որ իրենք բողոքարկելու են հենց միայն այն նկատառումով, որ ցույց տան, որ ՀՀ-ում օրենքի միատեսակ կիրառում գոյություն չունի:

Պարոն Բաղդասարյանը վրդովվեց. «Եթե կարիք լինում է քննության առնվում ու վերացվում են նման որոշումները, իսկ եթե կարիք չի լինում, ասում են, որ այս հարցը քննարկման առարկա չպետք է դառնա: Վճռաբեկ դատարանին ուզում եմ հարցնել` ինչո՞ւ է նման իրավիճակ ՀՀ-ում: Բողոքարկելու ենք հենց միայն նրա համար, որ ցույց տանք` ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ-ում օրենքի միատեսակ կիրառություն ապահովող մարմին չէ: Կարելի է բողոքարկել ու ասել, թե այդ ո՞նց եղավ, որ երկու նույնանման գործերով մի դեպքում, երբ պետք է լինում, բեկանում ու վերացնում են դատախազի որոշումը, մյուս դեպքում ասում են, թե քննության չենք առնում»:

Նշենք, որ դատարանը մերժման որոշման մեջ ոչ թե նշում է, թե բողոքը հիմնավոր չէ, այլ ասում, որ այս հարցը դատավարական առումով ենթակա չէ դատարանի քննությանը: Նիկոլայ Բաղդասարյանը մտահոգված է, թե որևէ վերադաս մարմին իր բողոքներին չի պատասխանել` ոչ գլխավոր դատախազությունը, ոչ քաղաքային դատախազությունը, դատարանները չեն պատասխանում:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն ինչպես Նիկոլայ Բաղդասարյանն էր մի առիթով նկատել, փաստաբանների դեմ հետապնդումը շարունակվո՞ւմ է, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Միանշանակ շարունակվում է»: Հետաքրքրվեցինք` պատճառը, որն է, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Պատճառը մեկն է, եթե Քոսյանի դեպքում կարելի է օրենքը մի ձև կիրառել , Բաղդասարյանի դեպքում մեկ այլ, ուրեմն այստեղ սուբյեկտներն են պատճառը: Ակնհայտ է, որ սա կապված է իմ փաստաբանական գործունեության հետ, հակառակ դեպքում, եթե լինեի Քոսյան, կամ պետական չինովնիկ, դատարանը քննության կառներ ու կբավարարեր իմ գործը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիլվա Բալայան says:

    Հարգելի Նիկոլայ Բաղդասարյան, իսկ ՓՊ խորհուրդն ինչու չգտնվեց իր տեղում, երբ քննում էր ձեր ղեկավարած դպրոցի շրջանավարտ փաստաբան Մհերի գործը։ 5 րոպեանոց նիստ եղավ քո նախագահությամբ և գործը կարճվեց, հարկ չհամարելով պարզել, թե ինչպես է պատահել, որ դատարանից անհայտացել է 1-ին անգամ հանձնված հայցադիմումը, և ինչու փաստաբանը հետամուտ չի եղել գտնելու այն։ Իհարկե,դա պայմանավորված է նրանով, որ հայցս նոտարի դեմ էր, եթե հակառակը լիներ և նույնը պատահած լիներ, համոզված եմ, որ կարգապահական վարույթի նյութերը կուղարկեիք դատախազություն՝ իրավական գնահատական տալու պահանջով։ Բ՜Ա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031