Իմ եղբայրը դրան սպանել է, հետո գնացել նստել է, ես բոլորովին տեղյակ չեմ եղել, ներսում եմ եղել՝ իմ ցավի հետ միասին:
Այս օրերին, երբ օֆշորի գործով դատական նիստեր են ընթանում, սոցցանցերում տարածվել է Փայլակ Հայրապետյանի մասին 11 տարի առաջվա մի հրապարակում, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Փայլակ Հայրապետյանը իր որդու՝ Հովիկ Հայրապետյանի յոթի սգո արարողության ժամանակ կազմակերպել մի տղայի՝ Հովհաննես Մանուկյանի սպանությունը, նրան կրակել իր տան մեջ եւ դուրս հանել, անօգնական թողել Օրբելի փողոցում:
Այսօր Aravot.am-ը Փայլակ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ այդ ի՞նչ սպանության պատմություն է, որ այս օրերին շրջանառվում է նորից: Նա պատասխանեց. «Այդ պատմությունը վերակենդանացնողները իմ հակառակորդներն են: Ուզում են վարկաբեկած լինեն ինձ, որ ես այդպիսի գործողություններ եմ կատարել: Դեպքը եղել է այսպես՝ ավարիայի միջոցով իմ տղային սպանել են, յոթի օրը այդ մարդը, ով կազմակերպել էր իմ տղայի սպանությունը, եկել է մեր տուն, իմ եղբայրը դրան սպանել է, հետո գնացել նստել է»:
Նա վստահեցրեց, որ այդ սպանության հետ ինքը բոլորովին առնչություն չունի. «Ես որ իմանայի՝ չէի թույլատրի եղբորս, որովհետեւ իմ էության մեջ սպանություն, այդպիսի հասկացողություն չունեմ: Այ բալա ջան, ես բոլորովին տեղյակ չեմ եղել, ես ներսում եմ եղել՝ իմ ցավի հետ միասին: Դեպքը պատահել է, մի 20 րոպե հետո ես նոր իմացել եմ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ նույնիսկ հիմա ՝տարիներ անց իր համար շատ ցավոտ է խոսել որդու սպանության մասին. «Կազմակերպեցին, որդուս տարան, խմացրել էին մի-երկու բաժակ, նստել էին ղեկին: Ինքը ավարիայով չի մահացել, կազմակերպված սպանություն էր դա: Մարդիկ պատասխան կտան դրա համար Աստծուն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ