Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Ոչ»-ի ճակատը չգործի օրենքի շրջանակում, այլ մարմինների հետ գործ կունենա» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 22,2015 14:34

«Որքանով տեղեկացված եմ, հասարակության կայուն մեծամասնությունը սահմանադրական բարեփոխումներին «այո» է ասելու: Ես «կիսանկախ եմ» եւ իմ ասածը «կիսաոչ» է: Բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց նոր սահմանադրության նախագիծը որոշ թերություններ ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքով՝ փոփոխված սահմանադրությունը դատարանների անկախություն չի ենթադրում. «Դատավորներն «իմունիտետ» չունեն, մինչդեռ շատ կարեւոր է, որ անկախ եւ ազատ լինեն: Դատավորները պետք է առնվազն «իմունիտետ» ունենան այնպես, ինչպես ԱԺ պատգամավորները: Եթե կարող են միջազգային դատարանի միջամտությամբ դատավորին աշխատանքից հեռացնել, նա դառնում է Գործադիր մարմնից կախյալ»:

Արշակյանն ասաց, որ միայն այդ պատճառով նոր Սահմանադրությանը «ոչ» է ասելու. «Ճիշտ է՝ կուզենայի «այո» ասել եւ մոտ լինել իշխանությանը»,-կես կատակ-կես լուրջ նշեց նա:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ նոր Սահմանադրության նպատակներից մեկն անկախ դատարաններ ունենալն է. «Մասնագիտական հանձնաժողովը կարեւորել է այն, ինչ նշեց պարոն Արշակյանը: Գուցե լրացուցիչ անելիքներ ունենք: ՀՀ-ում չի գտնվի որեւէ քաղաքական գործիչ, որը դեմ կարտահայտվի անկախ դատարաններ ունենալուն: Առանց անկախ դատարանների հնարավոր չեն բարեփոխումները»:

Պատգամավորը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներին ուղղված քայլերն իշխանության համար կենաց եւ մահու խնդիր չեն. «Անկախ ամեն ինչից, մենք հարգում ենք մեր քաղաքացու դիրքորոշումը, անգամ եթե նա «ոչ» ասի»:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատի՝ սահմանադրական փոփոխությունները տապալելու գործողություններին, Արտակ Դավթյանի խոսքով՝ եթե ընտրեն պայքարի այնպիսի ձեւեր, որոնք դուրս են օրենքի շրջանակներից, ապա այլ մարմինների հետ գործ կունենան. «Իսկ այդ մարմիններն ապացուցել են, որ իրենց գործը բավականին լավ են կատարում: Ես էլ պետք է փորձեմ համոզել, թե ինչու են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները»:

Դեկտեմբերի 1-ից հետո հնարավոր իշխանափոխության վերաբերյալ էլ ՀՀԿ-ականն ասաց. «Չի կարելի անընդհատ նույն փոցխի վրա կանգնել: Ի՞նչ կապ ունի հանրաքվեն եւ իշխանափոխությունը»: Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ Հայաստանը պատրաստ չէ հեղափոխության եւ իշխանափոխության, քանի որ համապատասխան լիդեր չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031