Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի ճակատից ոչ վախենում են, ոչ էլ վստահում

Հոկտեմբեր 22,2015 14:26

«Իրենք հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հասարակության լայն մոբիլիզացիա չի ապահովել եւ դրել են իշխանափոխության խնդիր»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով «Նոր Հայաստան»-ի հայտարարած իշխանափոխության հերթական ժամկետներին, ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, երեկ «Նոր Հայաստանը» հայտարարեց, որ դեկտեմբերի մեկին հանրահավաք եւ նստացույց է սկսելու:

Այս գործընթացի առումով, Ստեփան Սաֆարյանը ցավով արձանագրում է, որ քառյակի ճակատագրին են արժանանալու. «Ճիշտ անցյալ տարի այս ժամանակ քառյակը հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության խնդիրներն իրենց օրակարգում չկան, իրենց չեն հուզում, իրենց հուզում են միայն իշխանափոխության խնդիրները: Վերջում մենք տեսանք, որ իրականության մեջ ունենք ԵՏՄ-ին Հայաստանին անդամակցության տխուր իրողությունը եւ չունենք իշխանափոխությունը: Հիմա նույն ճանապարհով են գնում` հայտարարում են, որ սահմանադրական փոփոխությունները օրակարգից դուրս են կամ կեղծ օրակարգ են, իրենք դեմ են եւ դնում են իշխանափոխության խնդիրը: Վերջում, կպարզվի, որ իշխանափոխությունը չկա, սահմանադրական բարեփոխումներն անցած են»:

Մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ նկատեց որ 2017-ի ընտրություններին ենք նախապատրաստվում եւ իշխանափոխություն կլինի հերթական ընտրություններում: Իշխանական պատգամավորի համար «Ոչ»-ի ճակատը սարսափելի չէ:

«Հասարակությունը նման է հիվանդի, քաղաքական ուժերը`բժշկի: Քաղաքական ուժերը պիտի բժշկեն, ոչ թե մեղադրեն հասարակությանը»,- շարունակեց Ստեփան Սաֆարյանը`հավելելով, որ ինքը երբեք չի ընդունել նման կեցվածքը, երբ քաղաքական ուժերը իրենց անհաջողությունների մեջ մեղադրել են հասարակությանը: Հիշեցնենք, նման կեցվածք ունեին առավելապես ՀԱԿ-ն ու առաջին նախագահը:

Նա չի հասկանում նաեւ, որ հասարակությանը բերում են հրապարակ`տեղում որոշելու համար, թե ի՞նչ է պետք անել: Այդպես էր աշխատում եռյակը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`իսկ ինչո՞ւ իր ժամանակին «Ժառանգությունը», որի անդամն էր Ստեփան Սաֆարյանը, այդպես չէր գործում: «Գոնե իմ գործունեության շրջանում, մեր գործունեությունը եղել է հանրային շահը սպասարկող: Այն, ինչ-որ որդեգրել է կուսակցության ներկայիս վարչությունը, կարող է պատասխանատու լինել միայն ինքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031