ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին դուր չի գալիս, որ «Ոչ»-ի ճակատը ի սկզբանե կասկածի տակ է դնում հանրաքվեի լեգիտիմությունը: Քաղաքական ուժերն ամեն ինչ պիտի անեն, որ մարդկանց մոտ վստահություն առաջանա ընտրական գործընթացների եւ հանրաքվեի նկատմամբ: Մենք պետք է կարողանանք ներդնել այդ ինստիտուտները: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց նա`հավելելով, որ ՀՀԿ-ն մեծ փորձ ունի, կառույցներ ունի եւ ակտիվ իրազեկելու են հասարակության անդամներին, որպեսզի ակտիվորեն մասնակցեն հանրաքվեին: «Պետք է դրսեւորել քաղաքացիական դիրքորոշում: Հանրաքվեի չգնալը ելք չէ»:
Մյուս բանախոսը`Ստեփան Սաֆարյանը, բավական թերահավատ է վերաբերվում ՀՀԿ-ի խոստումներին: Ասում է, որ 2005-ին էլ թե ՀՀԿ-ն, թե ՀՅԴ-ն, թե ՕԵԿ-ը նույն բաներն էին խոստանում:
«Կփորձենք նաեւ ձեր դիրքորոշման վրա ազդել, որ ընտանիքով մասնակցեք»,- հումոր արեց Կարինե Աճեմյանը: «Փորձեք համոզել նրանց, ովքեր չեն կարդացել նախագիծը»,-արձագանքեց Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը ցավում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակության մի զգալի հատված մոտիվացիա չունի հանրաքվեի գնալու ու դրան բերել են «կողմ» եւ «դեմ» արտահայտվողները միասին: «Ես փոփոխությունների կողմնակից եմ, գործող սահմանադրության մոլի հակառակորդներից: Բայց ցանկացած փոփոխություն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե տեսնենք, որ կա իշխանության ճյուղերի ստույգ տարանջատում: Այդ բացը մենք ունեցել ենք գործող սահմանադրության մեջ, ունենք առաջարկվող փոփոխություններում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի պնդումների, թե այս բարեփոխումների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունն առավել խորը արմատներ է գցելու, Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ ժողովրդավարությունն այն է, եբ մարդն իր պատկերացրած արդարությունը փնտրում է դատարանում, ոչ թե Բաղրամյան փողոցում: «Անգամ այն նպատակները, որոնք բարձրաձայնել են իշխանության կողմից, տեղ չեն գտել այս նախագծում»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը:
Իսկ հանրաքվեի լեգիտիմության մասով էլ նա հեգնեց`ոչ ոք մեղավոր չէ, որ ՀՀԿ-ական պաշտոնյաները լծվել են քարոզարշավի`խախտելով իրենց իսկ կողմից ընդունած օրենքը: Խոսքը «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի մասին է:
Կարինե Աճեմյանը հակադարձեց`ոչ ոք ոչ մի օրենք չի խախտում, գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը նախ ՀՀԿ-ին է պետք: ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաեւ հայտարարեց, որ իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի, որ ազատ ու անկախ հանրաքվե լինի, կիրազեկեն, որպեսզի հնարավորինս շատ մարդ մասնակցի հանրաքվեին: «Կուսակցությունները պիտի կայանան, նոր իշխանություն ուզեն, տարիների փորձն էլ է սա ցույց տալիս: Մեզ մի մեղադրեք կայացած լինելու մեջ,»,-ասաց Կարինե Աճեմյանը:
«Հովիկ Աբրահամյանի շտաբում բուլկի՞ են թխելու»,-հարցրեց Ստեփան Սաֆարյանը`շարունակելով հեգնել. «Ճի՞շտ է որ երկրի վարչական լծակներին տնօրինող պաշտոնյան… Մի՞թե այդքան կայացած կուսակցությունը այլընտրանք չունի»:
Կարինե Աճեմյանը նկատեց, որ շտաբի պետը քարոզչություն չի իրականացնում, կազմակերպչական աշխատանք է կատարում, կան տեղակալներ, որոնք համակարգելու են մնացած գործընթացները: «Ուզում եք ասել, որ Հովիկ Աբրահամյանը չի՞ զանգելու բոլոր մարզպետներին եւ ասի`դիմավորեք, «այո»-ի շտաբը գալիս է: Թե՞ մենակ ասելու է հաց ուտելու հարցերը լուծեք, մնացածի հետ կապ չունեք»,- շարունակեց Ստեփան Սաֆարյանը:
Նա համարում է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ է քարոզչություն իրականացնում, ինչի իրավունքը չունի: Կարինե Աճեմյանը հիմնավորում է`Գագիկ Հարությունյանը որպես մասնագիտական հանձնաժողովի նախագահ տեսակետ է հայտնել, ինքը քարոզարշավ չի իրականացրել:
«Հնարավորություն ունեք նման բաները վերացնեք եւ հանրաքվեի լեգիտիմությունն ապահովեք»,- առաջարկեց Ստեփան Սաֆարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ