«Մենք գործ ունենք հյուծիչ պատերազմի հետ»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Ադրբեջանագետը նկատեց, որ սահմանային լարվածությունը հիմնականում կապված է Ադրբեջանի ներսում գոյություն ունեցող խնդիրների հետ, այսինքն` Ադրբեջանը սահմանում լարվածությունը պահպանում է հիմնականում ներքին լսարանի համար: Փորձում են անընդհատ հասարակությանը հիշեցնել, որ կա Ղարաբաղյան հակամարտություն, հայերի խնդիր:
Aravot.am-ի հարցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում դրական զարգացումներ չեն կանխատեսվում, կարելի՞ է կանխատեսել, որ սահմանային լարվածությունն ավելի է աճելու, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Լարվածության աճը կախված է հենց իրավիճակի վատթարացումից, թե՛ դա կլինի ներկլանային գզվռտոցը, թե՛ այլ խնդիր: Իմ կարծիքով` սահմանային լարվածությունն արդեն հասել է այն մակարդակի, որ աճելու տեղ գրեթե չկա, հաջորդ քայլը կլինի լայնամասշտաբ պատերազմը, ինչը հավանական չեմ համարում: Ադրբեջանն այժմ վարում է հյուծիչ պատերազմ»:
Մեր հարցին` ինչպե՞ս կգնահատի այն, որ Ռուսաստանն այժմ Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման բանակցություններ է վարում, ադրբեջանագետը պատասխանեց. «Ամեն գերտերություն ունի իր շահերը: Ռուսաստանը, զինտեխնիկա վաճառելով, Ադրբեջանում հիմնականում նպատակ է հետապնդում ավելացնել իր ազդեցության լծակը կոնկրետ երկրի վրա: Ինձ թվում է` այս հարցում մենք ենք պասիվ: Իսկ ինչո՞ւ մենք ավելի բարձր ամբիոններից չենք փորձում բողոքի նոտա հղել Ռուսաստանին, կամ այդ երկրում ունեցած մեր լծակներով, քանի որ հայությունն ու հայերն այսօր մեծ ազդեցության լծակներ ունեն Ռուսաստանում»:
Կարդացեք նաև
Ըստ Սարգիս Ասատրյանի` Արևմուտքն էլ ունի իր շահերը. «Շատ է խոսվում այն մասին, որ Միջին Ասիայից ուզում են գազն անցկացնել Ադրբեջանով: Այդ առումով Արևմուտքին ձեռնտու չի լինի ավելորդ ռազմական գործողությունների բորբոքումը»:
Հարցին` ի վերջո ամենից շատ ու՞մ է ձեռնտու իրավիճակի նման լարվածությունը, պարոն Ասատրյանը պատասխանեց, թե ամենից շատ ձեռնտու է այն երկրներին, որոնք Ադրբեջանին զենք են վաճառում: Նշենք, որ Ադրբեջանին զենք են վաճառում, Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ