Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը՝ ԵԺԿ-ում. Չենք ցանկանում մեր հարաբերությունները կառուցել Եվրոպա-Ռուսաստան առկա տարաձայնությունների ֆոնի վրա

Հոկտեմբեր 22,2015 13:14

Հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին մասնակցելու նպատակով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնած «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԺԿ ընդլայնված համագումարին, որի ժամանակ ԵԺԿ նախագահ է ընտրվել Ժոզեֆ Դոլը: Այսօր տեղի կունենան ԵԺԿ գլխավոր քարտուղարի և փոխնախագահների ընտրությունները:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում նախօրեին հանդես է եկել ելույթով, որում մասնավորաբար նշել է.

«Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը Եվրոպական Միության հետ հարաբերությունների հետևողական խորացումն է: Մեզ համար եվրոպական արժեքները, Եվրոպական Միության և անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը կարևոր նշանակություն ունեն:

Այսօր ես նախաձեռնել եմ մի գործընթաց, որն իր շուրջն է համախմբել 140 քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների: Մեր նպատակն է Հայաստանը տանել ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով և, իսկապես, պայքարել մեր երկրի, հասարակության վերածննդի համար: Այդ իսկ պատճառով այդ միավորումը կոչվում է «Հայկական վերածնունդ», որը նպատակ ունի իր համառ պայքարով կյանքի կոչել հայկական երազանքը՝ կառուցել ազատ, զարգացող և բարեկեցիկ հասարակություն:

Այսօր ես անպայման ուզում եմ խոսել հայ-ռուսական հարաբերությունների, մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի և ազդեցության մասին: Հայերն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ: Այսօր էլ Ռուսաստանը Հայաստանի համար առանցքային առևտրատնտեսական գործընկեր և անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատար և դաշնակից է: Մենք չենք ցանկանում մեր հարաբերությունները կառուցել Եվրոպա-Ռուսաստան առկա տարաձայնությունների՝ իմ համոզմամբ, ժամանակավոր տարաձայնությունների ֆոնի վրա: Մենք եվրոպական երկիր ենք և ցանկանում ենք կառուցել առանց հակասության հարաբերություններ մեր բոլոր դաշնակիցների հետ: Ի վերջո, եվրոպական արժեքներին մեր ձգտումներում պետք է հասնենք մեր նպատակներին՝ ջանքերը համադրելով, այլ ոչ թե կառուցենք մեր ապագան հակասությունների փիլիսոփայության համատեքստում:

Պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն և ունենալ նմանատիպ հարաբերություններ ԱՄՆ-ի և Չինաստանի, Եվրամիության և Ռուսաստանի, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ: Սա է փոքր երկրի մեծ հավակնությունների իրականացման ճշմարիտ ճանապարհը»:

ՕԵԿ պատվիրակության հանդիպումներն այսօր ևս շարունակվում են:

ՕԵԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031