Հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Սերժ Սարգսյանը առանցքային դերակատարություն է ունեցել 2007 թվականից հետո անցկացված բոլոր համապետական ընտրություններում՝ կարելի է ասել, իր ուսերին է տարել իր եւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը ներկայացնելու, քարոզելու ողջ ծանրությունը։ Նախագահն այս դեպքո՞ւմ էլ է ակտիվորեն մասնակցելու քարոզարշավին, թե՞ հանրաքվեն քարոզչական այլ ձեւաչափ է ենթադրում։
-Նախաձեռնության հեղինակը հանրապետության նախագահն է, բայց սա միայն Հանրապետականի քարոզարշավը չէ, որ հանրապետության նախագահը անձամբ գնա մարզեր եւ ներկայացնի մեր մոտեցումները։ Կան բազմաթիվ այլ կուսակցություններ, որոնք պաշտպանում են հանրաքվեի դրված նախագիծը, ունեն իրենց նկատառումները, պատկերացումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եւ իրե՛նք կներկայացնեն ու կհիմնավորեն իրենց դիրքորոշումը։
-Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնը ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի կարգավիճակի հետ համատեղելու փաստը միանշանակ չընդունվեց «Այո»-ի հակառակորդների կողմից։ Մասնավորապես ասվում է, թե դրանով խախտվում է «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզչության համար հավասար պայմաններ ապահովելու հանձնառությունը, քանի որ վարչապետը, որպես գործընթացի շահագրգիռ կողմ, իր ձեռքի տակ եղած վարչական լծակները կարող է օգտագործել «Այո»-ի հաղթանակն ապահովելու համար։
Կարդացեք նաև
-Հավատացնում եմ՝ օրենքի տառի որեւէ խախտում չկա, չի էլ լինելու, որովհետեւ նման խնդիր չունենք։ Մեր խնդիրն է՝ եւս մեկ անգամ ցույց տալ, որ կարող ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ (այս դեպքում՝ հանրաքվե) անցկացնել՝ ամեն ինչ անել, որ ժողովրդի ձայնը տեղ հասնի։
Դե, իսկ նման խոսակցությունները մեզ համար նորություն չեն։ Նախորդ ընտրություններում Հ.Աբրահամյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, որպեսզի ստանձնի ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի իրավասությունները, բայց էլի շահարկումների պակաս չզգացվեց։ Այդ խոսակցությունները մի նպատակով են դրվում շրջանառության մեջ՝ էս գլխից սեւ, մութ ամպերով պարուրել սահմանադրական փոփոխությունների գործընթացը։
Եվ դա հասկանալի է, որովհետեւ մեր ընդդիմախոսներն ասելիք չունեն. բովանդակային առումով պարտվել են՝ որեւէ լուրջ, հիմնավոր փաստարկ չբերելով ի հակակշիռ մեր փաստարկների։ Ասացին՝ բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսենսուս չկա, ԱԺ քվեարկությունն ապացուցեց ճիշտ հակառակը։ Շահարկեցին, թե՝ սրանով ընդամենը իշխանության, մեկ քաղաքական ուժի վերարտադրության խնդիր է լուծվում, բայց բազմաթիվ քաղաքական ուժեր մասնակցեցին այս գործընթացին եւ հիմնավորեցին, թե ինչու պետք է փոխել սահմանադրությունը, եւ ինչու հենց այս պահին պետք է դա անել։
Այսինքն՝ բոլոր նախորդ փուլերում պարտվել են։ Վերջինը հանրաքվեն է, երբ ժողովուրդը պիտի գնա եւ քվեարկի «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին։ Տեսնում են, որ ռեսուրսներ չունեն՝ վստահ չեն «Ոչ»-ի հաղթանակին, եւ ի սկզբանե փորձում են ստվեր նետել գործընթացի վրա, որպեսզի հետո օտարերկրյա դեսպանությունների դռան մոտ լացուկոծ բարձրացնեն «կեղծիքներով ընդունված» սահմանադրության վերաբերյալ։
Կարծում եմ, սա այլեւս անթույլատրելի է. այդ գործելակերպն ինչ-որ տեղ գուցե կարելի էր հասկանալ 90-ականների սկզբներին, բայց ո՛չ այսօր։ Իսկ եթե համոզված են, որ, ինչպես իրենք են ասում, ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է սահմանադրական փոփոխություններին, ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը. թո՛ղ ապահովեն «Ոչ»-ի կողմնակիցների ներկայությունը տեղամասերում եւ տապալեն սահմանադրության նախագիծը։ Մենք խնդիր չենք տեսնում՝ դա մեզ համար գերնպատակ չէ, որ ամեն գնով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձենք «անցկացնել»:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում