Ըստ Զոյա Թադեւոսյանի՝ նախկին վարչապետը ԵՏՄ-ում միայն սեփական գրպանին օգուտ կբերի, ուրիշ նկատառումներով այդ մարդը չի կարողանում պաշտոն վարել:
«Տիգրան Սարգսյանին ոչ թե պետք է տանեին ԵՏՄ-ում հանձնաժողովի նախագահ կամ պետք է տանեին ԱՄՆ-ում դեսպան, դա պետք է տեղի չունենար, այլ վարչապետի պաշտոնից ազատելուց հետո նրան անպայման պետք է դատի տային: Կենտրոնական բանկում նախագահ լինելու տարիներից ի վեր նրա՝ տնտեսությունը կործանող դրամավարկային քաղաքականության շնորհիվ ստեղծվեց այնպիսի մի տնտեսական իրավիճակ, որից հետո մեր երկիրը զարգանալու բոլոր հնարավորություններից զրկվեց»,- «Առավոտի» հետ զրույցում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակելու հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը:
Մեր հարցին՝ նա կարո՞ղ է արդյունավետ աշխատել այդ պաշտոնում, Զ. Թադեւոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք պետք է քննարկենք, թե որքանով արդյունավետ նա կարող է աշխատել կամ ինչ օգուտներ կարող է բերել Հայաստանին: Նա ընդհանրապես եթե օգուտ է բերում, ապա միայն սեփական գրպանին, ուրիշ նկատառումներով այդ մարդը չի կարողանում պաշտոն վարել: Այն իրավիճակը, որում այսօր մենք հայտնվել ենք, ոչ թե գնահատական է, այլ փաստ է: Աղքատության այն մակարդակը, որ այսօր հայաստանյան իրավիճակում կա, դա հենց Տիգրան Սարգսյանի ձեռքի գործն է: Մենք ուրիշ գնահատական տալ չենք էլ կարող, մենք հենվում ենք փաստերի վրա, ոչ թե հնարում կամ մեր ընդդիմադիր կեցվածքից ելնելով՝ ինչ-որ մտացածին բաներ ենք ասում: Կոնկրետ իմ միակ սպասումը նրանից այն է, որ նա անպայման հայտնվի դատարանում»:
ՀՀԿ խմբակցության անդամները նշում էին, որ Տիգրան Սարգսյանը շատ լավ տիրապետում է հետսովետական տարածքի խնդիրներին, տնտեսությանը, եւ պատահական չէ, որ հենց նրա թեկնածությունն է հավանության արժանացել: Այս առնչությամբ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Լավագույնս տեղյակ լինելը մի բան է, հանցագործ լինելը՝ մեկ այլ բան: Բոլոր հանցագործներն էլ լավագույնս տեղյակ են այն բոլոր իրավիճակներից, որ իրենց դաշտում կա, տիրապետում են բոլոր կողմերին՝ դրական, բացասական, ակտիվ, պասիվ, կարեւոր, երկրորդական, որ կարողանում են ակտիվ գործել ու անել այն, ինչ իրենք ուզում են անել: Հնարավոր է՝ Տիգրան Սարգսյանը տիրապետում է, բայց ես դրան էլ եմ շատ կասկածում, որովհետեւ խորհրդային տարիներին նա երիտասարդ էր բավականին, կարծեմ ընդդիմադիր էր, աղքատ, խեղճ անձնավորություն, ով իբր ընդդիմադիր դիրքերից մեր երկրում ուզում էր մեծ փոփոխություն անել՝ համահունչ ժողովրդավարությանը, անկախությանը, բայց պարզվեց՝ ոչ, ուղղակի դա այդ գեղեցիկ ցանկությունների քողի տակ թաքնված ագահությունն էր, որը ի վերջո դրսեւորվեց նրանով, որ մարդը կարճ ժամկետում դարձավ հսկայական ունեցվածքի տեր ու այսօր նույնիսկ լայաղ էլ չի անում Հայաստանում ապրել: Իսպանիայում իր բնակարանը երեւի իր ունեցած կալվածքներից մեկն է, մնացածի մասին երեւի օֆշորներից կիմանանք»:
Կարդացեք նաև
Թե քաղաքական առումով Տիգրան Սարգսյանի ֆիգուրն ինչքանով է պետք Սերժ Սարգսյանին՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Նրա ֆիգուրը ոչ մեկին էլ ոչ մի բան չի տա: Կամաց-կամաց նրան բերում, մոտեցնում են, որ հետո երեւի մտցնեն Սովետաշենի բերդ»:
Մեր դիտարկմանը, որ Տիգրան Սարգսյանի դեմ դատական գործեր կան, Փայլակ Հայրապետյանն է մեղադրել օֆշորի հայտնի գործով, բայց նա նույնիսկ վկայի կարգավիճակ դեռ չունի՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Օրը կգա՝ բարին հետը, ոչ մի հանցագործություն չի մնում անպատիժ, Բեռլուսկոնիից թափով չլինի, էլի: Պետական մակարդակով հանցագործը չի կարող անպատիժ մնալ: Նա մտել է պետական բյուջե, պետական բյուջեին ով ձեռք է տալիս, նա դառնում է առաջին կարգի հանցագործ, որը հետագայում անպայման կպատժվի, չեն կարող չպատժվել»:
Ըստ Զոյա Թադեւոսյանի՝ համակարգային փոփոխություններ կլինեն, եւ դրա համար իշխանություններն իրենց ձեռքով են հող նախապատրաստում. «Եթե ավերում են այս աստիճանի անգրագետ, գոնե գրագետ ավերեն: Իրենք այնքան անգրագետ են ավերում, որ ծառի ճյուղին նստած՝ ճյուղը կտրում են ու չեն հասկանում: Մի օր ոնց էլ լինի՝ պատասխան պետք է տան, անհնարին է չտան»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015