Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության 2 փոխնախարարները Վայոց ձորում «գերի» են մնացել՝ մինչեւ խաղողի մթերումն ավարտվի

Հոկտեմբեր 22,2015 14:00

Վերջին օրերին Վայոց ձորում խաղողի մթերման հետ կապված խնդիրները հասցրել են նրան, որ գյուղատնտեսության երկու փոխնախարարները՝ Ռոբերտ Մակարյանը եւ Սամվել Գալստյանը, մինչեւ խաղողի մթերման ավարտը ստիպված են լինելու մնալ այս մարզում եւ անձամբ վերահսկել գործընթացը:

Վայոց ձորում բերքահավաքը դեռ շարունակվում է:

Սամվել Գալստյանը եւ Ռոբերտ Մակարյանը արդեն 2 օր է՝ մարզում են: Նախօրեին մթերման խնդիրների առաջ էին կանգնել Աղավնաձոր գյուղի խաղողագործները, որոնք տոննաներով խաղողը բեռնած՝ այս ու այն կողմ էին տանում: Իսկ մթերող ընկերություններն էլ՝ առիթից օգտվելով, որ գյուղացին այլընտրանք չունի, ցածր գներով էին գյուղացուն առաջարկներ անում: Աղավնաձորցիների մի մասն անգամ որոշել էր դաշտում մնացած խաղողը չհավաքել:

«Մենք մինչեւ մթերումների ավարտը կմնանք մարզում: Այսօրվա դրությամբ մթերումները իրականացվում են, վաղը նաեւ Արարատի գինու գործարանը կսկսի մթերել»,- «Առավոտ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքերով՝ այժմ Աղավնաձորի համայնքապետը գրաֆիկ է կազմում՝ ըստ գործարանների, որպեսզի գյուղացիները իրականացնեն բերքահավաքը: Փոխնախարարը նշեց, որ հիմնականում խոշոր մթերող գործարանները «Պռոշյան», «Վեդի-Ալկո» եւ «Արմենիա Վայն» ընկերություններին են, որոնք էլ այս պահին մթերում են վայոցձորցիների խաղողը: Ըստ նրա. «Գինը որոշում են գյուղացիները եւ վերամշակողները՝ ամեն մի գյուղացու հետ պայմանագրեր են կապվում. գործարաններ կան, որ վճարումները կանեն անմիջապես, իսկ որոնք հիմա չեն վճարի, պայմանագիր կկապեն՝ համապատասխան ժամկետում վճարելու համար»,- նշեց պարոն Մակարյանը:

Vayoc_dzor_1

Փոխնախարարը խաղողի գների վերաբերյալ ասաց, որ «Պռոշյանի» կոնյակի գործարանը 180 դրամով է մթերում, «Վեդի-Ալկոն»՝ 160-180 դրամով, իսկ «Արմենիա Վայնը»՝ 200 դրամով՝ գումարած 10 դրամ ճանապարհածախս:

«Գների նվազագույն եւ առավելագույն լինելը կախված է շաքարայնությունից: «Վեդի-Ալկո» ընկերությունը պայմանավորվել է, որ 20 տոկոսից ցածր շաքարայնության դեպքում կմթերի 120 դրամով»,- ասաց պարոն Մակարյանը:

Նրա խոսքերով՝ եթե նույնիսկ կանխատեսածից շատ խաղող լինի, գործարանները կմթերեն, եւ ոչ մի խնդիր չի առաջանա: Վերամշակող ընկերության ֆինանսական դժվարությունների վերաբերյալ էլ փոխնախարարը ասաց, որ կան որոշ ձեռնարկություններ, որոնք ֆինանսական խնդիր ունեն, դիմել են մատչելի պայմաններով վարկ ստանալու համար, եւ հիմա վարկավորման գործընթացը ընթացքի մեջ է:
Նշենք, որ Աղավնաձոր գյուղից անցած տարի մոտ 5 հազար տոննա խաղող է մթերվել, եւ չնայած այս տարի տեղացած կարկուտին՝ բերքը անցած տարվա ցուցանիշը գերազանցում է: Աղավնաձորի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ հասկանալի է՝ ճգնաժամ է, խնդիրներ կան, բայց եթե կառավարությունը տարեսկզբին հորդորում է գյուղացուն վարկ վերցնել, օգտվել պետության աջակցության ծրագրերից՝ որակով եւ բարձր բերքատվությամբ արտադրանք ունենալու համար, ապա տարեվերջին էլ պետք է մթերման գործընթացը այնպես կազմակերպի, որ հաջորդ տարին այդ նույն գյուղացին ցանկություն ունենա նորից այգին մշակելու. «Այս տարվա պես ոչ մի տարի չէր եղել, որ որակով խաղող ունենաս ու չկարենաս էն գնով հանձնել, որ գոնե ծախսերը փակի: Ո՛չ էնա՝ այդքանը բերես տուն, ո՛չ թողնես դաշտում՝ պիտի համաձայնության գանք՝ հանձնենք գնա»,- մեզ հետ զրույցում ասաց Աղավնաձոր գյուղի բնակիչներից մեկը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031