Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում նախընտրական աժիոտաժ է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2015 11:50

Հանրաքվեի կենտրոնական շտաբից թեպետ հանձնարարականներ չեն ստացել, բայց Կոտայքում արդեն ձեւավորել են մարզային կենտրոնական շտաբը եւ ընտրական տեղամասերը, ակտիվ քարոզչությունն էլ սկսվելու է նոյեմբերի 1-ից։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն (լուսանկարում) արդեն նշանակվել է իր ղեկավարած քաղաքի տարածքային շտաբի պետ։ Երեկ նա անկեղծացավ, որ քաղաքապետի աշխատանքին զուգահեռ է քարոզչական աշխատանքներ վարելու։

«Եթե մեր ամենօրյա աշխատանքը ժողովրդի հետ շփվելն է, ժողովրդի նիստուկացը, նրա հոգսերը, էդ էլ է մեր գործը (նկատի ունի քարոզչությունը՝ հեղ.), զուգահեռ տանելու ենք»,- ասաց Դանիելյանը, հետո որոշեց խմբագրել խոսքը. «Զուգահեռ՝ չի նշանակում այդ րոպեին, այսինքն՝ աշխատանքից դուրս մենք զուգահեռ տանելու ենք այդ գործը»։

Ավելին՝ «քարոզիչների» շարքերում էլ ներգրավված են լինելու նաեւ մանկավարժներ. «Քարոզիչները լինելու են ճանաչված մարդիկ՝ ինժեներներ, մանկավարժներ, բայց դա չի նշանակում, որ ամբողջ դպրոցների կոլեկտիվները ներգրավվելու են»։ Քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ կհաջողվի՞ իրենց համոզել մարդկանց «այո»-ի հարցում, որովհետեւ, հարցումների համաձայն, առանձնապես հետաքրքրություն չկա հանրաքվեի նկատմամբ։ Մարզպետն անկեղծ գտնվեց. «Դե, մենք էլ աշխատում ենք մարդկանց մոտ հետաքրքրություն ստեղծել։ Մենք ճիշտն իրենց կներկայացնենք, իրենք արդեն կընտրեն, ընթացքում կերեւա ամեն ինչ»։

Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, սակայն, այս պատասխանատու ժամանակներում որոշել է արձակուրդի մեկնել. 10 օրով նա կբացակայի հանրապետությունից, բայց կարծում է, որ խուճապի մատնվելու առանձնապես պատճառներ չկան. «Քարոզչությունը կտարվի, եւ քվեարկությունն էլ ցույց կտա, թե ինչ դիրքորոշում կա մեր քաղաքում»։ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ փոխանցեց, որ իր ղեկավարած մարզում դեռ աշխատանքներ չեն տարվում. «Առանձնապես աշխատելու բան էլ չկա»։ Ձեր մարզում բոլորը ոգեւորվա՞ծ են սահմանադրական փոփոխություններով։ «Արդյունքները կլինի՝ կտեսնեք, բայց առանձնապես քարոզարշավի կարիք էլ չկա։ Մենք մեր աշխատանքն ամեն օր ենք անում, մարդկանց, գյուղացու կողքին ենք, բազմաթիվ աջակցություններ ենք ցուցաբերել գյուղացուն, պարարտանյութ ու այլ բաներ ենք ինքնարժեքով տվել, բավականին մեծ աշխատանք ենք տարել, ու այնպես չէ, որ ժողովուրդը նոր պիտի գնահատի պետության կամ իշխանության կատարած աշխատանքը»։ Մարզպետը երկար թվարկեց, թե էլ ինչեր են արել իր ղեկավարած մարզի համար՝ եզրակացնելով, որ իր խոսքի նկատմամբ վստահություն կա. «Իսկ դա բազմաթիվ անգամ ցույց են տվել ընտրությունները»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031