«Մանանա» կենտրոնը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ պատանի թղթակիցների հանրապետական ցանցի ձեւավորման շրջանակներում հանդիպել է երեսուն երեխաների հետ:
12-15 տարեկան երեխաները Կարմիրաղբյուրից էին: «Ցանկանում էինք երեխաների ձայնը մեծ-մեծ հոխորտացողներին լսելի դարձնել: Մարզերի ու մարզից մարզ պատանիների խնդիրները ուրիշ են, երեւանյան չեն` կռիվ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Ասում ես գրի՝ թե ինչ ես դառնալու, պարզվում է՝ մտածում է, թե ինչ դառնա, որ աշխատանք ունենա: Երեւանի երեխաները էսպես մեծավարի չեն մտածում: Ու ցավոք, երեւի բացի մեզնից, ոչ ոք մարզ չի գնում նման առաքելությամբ, համենայնդեպս, այն մամուլը, որը պիտի արտացոլի իրենց խնդիրները հենց իրենց աչքերով, դա երեւի «17.am»-ն է ու «Խաբարբզիկը»,- ասում է կենտրոնի պատասխանատու, հրապարակագիր Ռուզաննա Բաղդասարյանը:
Հակառակորդի կրակոցները խլացրել են, ասես, պատերազմի երեխաների՝ մեր երեխաների ձայնը: Երեխաներ, որոնք իրենց ծնողների, գյուղը, սահմանը պահող հարազատների հետ հավասարապես կրում են պատերազմի հետեւանքներն իրենց այլեւս հասուն ուսերի վրա: Ինչն է ամենից շատ նրանց հուզում: Ինչի մասին են կիսվել երեխաները: Մերի Ավագյանի կարծիքով, կա անտարբերություն. «Քաղաքում ապրող մարդիկ երբեք չեն հասկանա մեզ, թե ինչ պայմաններում ենք ապրում` ամեն վայրկյան վախի, սարսափի, կյանքդ կորցնելու վտանգի տակ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք մեզ չեն հասկանում, բայց կցանկանայի, որ անտարբեր չլինեին, հոգեպես մեզ ուժ տային»:
Կարմիրաղբյուրցի Լիա Ավագյանը գրում է. «Ամեն օր հակառակորդի կրակոցների ձայնից ականջներս ցավում են: Երեւի արդեն պարզ է. ես սահմանամերձ գոտուց եմ` Ներքին Կարմիրաղբյուրից: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի դիրքերից 400 մետր հեռավորության վրա: Քաղաքում ապրող մարդկանց համար այդ 400 մետրը բավական մեծ հեռավորություն է, բայց ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ մեր տունը դպրոցից գտնվում է նույնպես 400 մետր հեռավորության վրա: Ինձ համար արդեն սովորական է, որ թշնամին այդքան մոտ է, բայց վախը միշտ իրեն զգացնել է տալիս: Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ սկսեցին կրակել դասասենյակի ուղղությամբ: Մենք դասարանից դուրս փախանք: Ու դրանից հետո ես ամեն անգամ նստելով այդ նույն դասասենյակում, չեմ կարողանում կենտրոնանալ դասերի վրա, որովհետեւ գրատախտակի փոխարեն նայում եմ դիրքերին: Ամեն անգամ քնելուց առաջ աղոթում եմ ազգիս պաշտպանների համար: Ամեն առավոտ արթնանում եմ էլի աղոթքով, որ վատ լուր չստանամ: Ուզում եմ, որ բոլորը իմանան եւ գիտակցեն, որ հայրենիքն սկսում է սահմանից, եւ մենք ոչ թե սահմանում ապրող մարդիկ ենք, այլ սահմանապահներ»:
Լիայի համագյուղացի Լուսինե Իսրայելյանը ներկայացրել էր իրենց գողտրիկ գյուղի վախերի մասին. «Օրը սկսվում է գեղեցիկ արեւածագով, բայց նաեւ մտավախություններով: Ամեն բնակիչ վախենում է իր հարազատների կյանքի, բայց նաեւ բոլոր համագյուղացիների կյանքի համար: Դիրքերում կանգնած տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի բնակիչները չվախենան եւ արժանի հակահարված են տալիս, սակայն նրանց կյանքը նման է մոմի լույսի: Բավական է մի փոքր քամի, եւ լույսը կմարի»: Այս երեխան որոշում է պատմել ուրախ բաների մասին, բայց ստացվում է կրկին հետեւյալ պատկերը. «Բայց հերիք է մեր վախերի ու սարսափների մասին պատմեմ: Պատմեմ նաեւ մեր ուրախ կյանքի մասին: Գյուղի ազատ վայրերից երեւում են մեր թշնամու գյուղերը, գիշերը մեր գյուղը լուսավորվում է նրանց տների լույսերով: Ես երբեք չէի լսել, որ փամփուշտը կմտնի տուն եւ բնակչին կվնասի, եւ մարդը կմահանա: Կրակոցներ միշտ էլ լինում են, բայց ավելի շատ են կրակում այն օրերին, երբ ինչ-որ տոն է լինում: Այդ օրերին մարդիկ գյուղից գնում են մոտակա ապահով գյուղ, իսկ մնացածները պատսպարվում են տներում»:
Կարդացեք նաև
Երեխաներից մեկն իր հասակակիցների վիրավորվածությունն էր հանձնել թղթին. «Շատ էի վիրավորվել, երբ երեխաների պաշտպանության օրը ոչ մի կազմակերպություն կամ անհատ անձ չեկավ մեզ շնորհավորելու: Շատ վիրավորական էր: Կուզենայի, որ գնահատեն սահմանում ապրող կամ սահման պահող մարդկանց: Եկեք գնահատենք»: Ըստ նրանց, սահմանում ապրողները, երեխաները հերոսներ են:
Պատերազմն իրենց սրտերակի տակ զգացող երեխաների ներքին զրույցն իրենք իրենց հետ բավական անկեղծ է: Մերի Ավագյանն էլ անդրադառնալով իր գյուղի կրակոցներին՝ գրել էր. «Մենք ամեն օր գնում էինք դասի եւ գալիս էինք տուն վախը սրտներումս. կրակոց կլինի՞, թե՞ ոչ»:
Տատյանա Ղուկասյանը, ինչպես իր տարեկիցներից շատերը սիրում են զբաղվել արվեստով եւ ֆուտբոլով, սակայն. «Ռմբակոծությունները մեզ չեն թողնում զբաղվել սիրած գործով, խաղալ: Թշնամին նույնիսկ չի թողնում այգեգործությամբ զբաղվել: Մեր դասարանում սկզբում տասնմեկ հոգի էինք, որից երեքը ռմբակոծության պատճառով հեռացել են գյուղից»:
Էրիկ Վարդանյանը շատ է սիրում իրենց գյուղը, իրենց գյուղը պաշտպանող զինվորներին: Սակայն նրա մտապատկերներում մշտապես դիրքերում գտնվող զինծառայողներն են: «Կրակոցների ժամանակ իմ հորեղբոր տան մոտ ընկել է ական: Նրանք շատ էին վախեցել: Ես շատ եմ մտածում Հայաստանի մասին: Մեր երկրի կորուստները կվերականգնվե՞ն, թե՞ չէ: Հնարավոր է՝ տարածքային կորուստները վերականգնվեն: Բայց մարդկային կորուստները՝ ոչ: Երբեք հնարավոր չէ վերականգնել, երբ մարդը զոհվում է: Արդեն շատ տարիներ է, որ կրակում են: Բայց վերջին երկու տարվա ընթացքում մենք ավելի շատ կորուստներ ենք տվել: Երբ վերջին անգամ սկսեցին կրակել, մենք շատ էինք վախենում: Վերջին կրակոցների ժամանակ վիրավորվեց մեր համագյուղացիներից մեկը: Կրակոցների պատճառով հեռացել են մեր համագյուղացիների մեծ մասը»,- նկարագրում է իր մաշկի տակ պատերազմը զգացող պատանին:
«Ես մի անգամ մեր այգում գտել եմ փամփուշտ: Թշնամին մեր գյուղից հեռու է ընդամենը մի քանի հարյուր մետր: Վերջերս կրակոցների ժամանակ մեծ հրետանիով վնասել էին մեր հարեւանի տան այն հատվածի սենյակը, որտեղ իրենց փոքրիկ երեխայի օրորոցն էր: Այդ ժամանակ կրակոցի մոտիկ լինելուց մեր տունը շատ ուժեղ ցնցվեց, բայց ես ինձ հանգստացնում էի նրանով, որ մենք չենք կարող սահմանը լքել: Եթե լքենք, թշնամին կգրավի գյուղը»,- գրել էր Անուշ Առաքելյանը:
Պատերազմը խաթարել է մանկությունը, նրանք զրկվել են սիրելի զբաղմունքներից: Մերի Առաքելյանը նկարագրում է, թե ինչպիսի սիրով է մասնակցել նկարչության, պարի, երգի խմբակներին: «Անցած տարի թշնամու կրակոցների պատճառով ես չեմ գնացել խմբակների պարապմունքներին: Իմ մայրիկը որոշեց, որ ես չգնամ: Նա էլ էր շատ վախենում: Ես էլ մի տարի կլինի, որ չեմ հաճախում: Կրակոցները շատ վաղուց են, արդեն չեմ հիշում երբվանից: Մեր գյուղում, Մովսես գյուղում, Այգեպար եւ այլ գյուղերում շատ-շատ են կրակոցները: Իմ երազանքն այն է, որ աշխարհում խաղաղություն տիրի»,- գրել էր նա: Ապա հավելել, թե. «Մեր խաղողի այգիները շատ վաղուց վառել են, չեն թողել խաղող հավաքել: Ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, եւ որ աշխարհի բոլոր մանուկները երջանիկ լինեն: Ես ուզում եմ, որ մեր երկրում կռիվ չլինի»:
Վլադիմիր Գալստյանը նկարագրել է կրակոցներին հաջորդող օրը. «Եվ երբ կրակում են, հաջորդ օրը ոչ մեկը չի բացակայում դպրոցից: Մեր գյուղի մարդիկ շատ քաջ են, որովհետեւ, երբ կրակում են, ոչ մեկը վախկոտի պես չի փախչում գյուղից: Նրանք հանուն մեր գյուղի՝ իրենց կյանքը կտան»: Այս երեխաների լավատեսությունը դասագրքային չէ. կյանքի դասերն ավելի քան խոսուն են:
Ալլա եւ Հրանտ Իսրայելյանները ցանկացել էին, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձվեր սահմանապահ գյուղերին:
Երեխաները խաղաղություն են ուզում, հրեշտակների ճիչ, մարդկանց շարժ, երազանքների իրականացում: Նրանք հույս ունեն, որ ամեն ինչ շուտով կավարտվի: Մասնավորապես. «Ես ամեն օր գլուխս դնում եմ բարձին երազելով, որ այս ամենը մի երազ է, եւ երբ ես արթնանամ, ամեն ինչ ավարտված կլինի, եւ կբացվի մի նոր լուսավոր օր: Ամեն օր քնելիս ես աղոթում եմ Աստծուն, եւ ես գիտեմ, որ իմ աղոթքները նա կլսի եւ այնպես կանի, որ կվերջանա այս պատերազմը: Մեր գյուղում օրեցօր մարդիկ քչանում են: Մի քանի ամիս առաջ գնացին նաեւ իմ դասընկերուհին եւ իր ընտանիքը, քանի որ նրանք շատ էին վախենում: Ամեն կրակոցի ժամանակ մենք գնում էինք իմ ընկերուհու տուն, քանի որ այնտեղ ավելի ապահով է: Ես հուսով եմ, որ մի օր անպայման կավարտվի այս ամենը»:
Պատրաստեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015