Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ մարդը չի կարող լինել լավ ջութակահար»

Հոկտեմբեր 22,2015 13:00

Համոզված է իսպանաբնակ ճանաչված ջութակահար Զոհրաբ Թադեւոսյանը

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում, ի թիվս այլ ճանաչված երաժիշտների, հանդես կգա նաեւ իսպանաբնակ ջութակահար, Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ, Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Զոհրաբ Թադեւոսյանը: Նա երկու համերգ ունի՝ մեկը ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Սոֆյա Մելիքյանի հետ՝ հոկտեմբերի 21-ին, մյուսը՝ իբրեւ մենակատար, հոկտեմբերի 24-ին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն ստեղծագործությունները, որոնք կատարվելու են հայաստանյան համերգներին: Զոհրաբ Թադեւոսյանը նշեց, որ երկրորդ համերգի ստեղծագործությունների ընտրության գործում մեծ դերակատարություն է ունեցել իր շատ լավ բարեկամ, թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Սկզբում որոշել էին այլ գործեր նվագել, Հախնազարյանն առաջարկել է պրեմիերա անել Հայաստանում, որովհետեւ այդ գործը՝ Սեն-Սանսի կոնցերտը՝ ջութակի եւ թավջութակի համար, չի կատարվել: «Ինչ վերաբերում է փայլուն դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի հետ համերգին, որոշեցինք պարզապես միասին ընտրել մի ծրագիր, որը շատ չեն նվագում Հայաստանում՝ ինչ-ինչ պատճառներով, որոշեցինք այնպիսի ծրագիր ընտրել, որ մարդիկ ճանաչեն Շուբերտին»,- ասաց երաժիշտը: Զոհրաբ Թադեւոսյանը կողմնակից է միշտ նոր գործեր կատարելուն, ասում է՝ եթե ինքն էլ անընդհատ կատարվող ստեղծագործություն նվագի, կդառնա այն կատարողներից մեկը, այլ է, երբ փորձում ես ունկնդրին հասցնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք կամ հազվադեպ են կատարվում, կամ ընդհանրապես չեն կատարվել. «Օրինակ՝ Շուբերտի «Ֆանտազիան», չգիտեմ երբեւէ կատարվե՞լ է հայաստանցի երաժիշտների կողմից կամ՝ Շտրաուսի «Սոնատը»: Հարկավոր է նաեւ այդպիսի գործեր կատարել, որ ունկնդրի երաժշտական աշխարհայացքը ընդարձակվի, ինքը նոր բան լսի, ոչ թե սահմանափակ, ստանդարտների մեջ մնա»:

Մեր զրուցակցի կարծիքով, երբ հայ երաժիշտը կատարում է ինչ-որ գործ, այդ գործի մեկնաբանությունից հասկացվում է նրա ազգությունը: Ջութակահարի ձեւակերպմամբ, դա մեր գենոֆոնդից ու ազգային առանձնահատկություններից է բխում: Իբրեւ օրինակ, մեր զրուցակիցը վկայակոչում է ճանաչված ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, ասում է՝ նրա հնչյունների մեջ քաղցրություն կա, ներքինից ճառագող լույս:

«Առավոտի» հարցին՝ այն ամենը, ինչ դուք տարաք Հայաստանից՝ Իսպանիայում բավարա՞ր էր կայանալու համար, թե՞ մեծ դեր խաղացին, ասենք, տաղանդը, աշխատասիրությունը եւ այլ որակներ, Զոհրաբ Թադեւոսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դա կոմպլեքս է, իսկ տաղանդը կամ լինում է, կամ չի լինում: Ուսուցիչներն են շատ մեծ դեր խաղացել իմ կայացման գործում, դպրոցում՝ Լեւոն Զորյանը, ապա հորեղբայրս՝ Էդուարդ Թադեւոսյանը, ծնողներս, տատիկս… Ես հսկայական բազայով գնացի արտասահման, որը բավարար էր, հետագայում այդ ամենը մշակվեց, հղկվեց, այնտեղի դպրոցն անցա, ու զարգացա»:

Ջութակահարը վերջին անգամ 14 տարի առաջ է համերգ ունեցել Հայաստանում ու հիմա շնորհակալ է Սերգեյ Սմբատյանին, որ առաջարկեց համերգ ունենալ ու պնդել, որ դրանք կայանան:

Քանի որ իր ժամանակի մեծ մասը Զոհրաբ Թադեւոսյանը տրամադրում է մանկավարժությանը, մասնավորապես՝ 2010 թվականից Մադրիդի Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի հետ համատեղ, 2013թ.-ից էլ Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խորհուրդներ է տալիս երաժիշտներին: «Քրտնաջանությունն ու աշխատասիրությունն անիմաստ խոսքեր են, ամեն մեկը գիտի, թե իրեն ինչքան ժամանակ է անհրաժեշտ պարապելու համար: Երբ ինձ հարցնում են՝ ինչքա՞ն պարապեմ, ասում եմ՝ ինչքան ուզում ես պարապիր, ինձ պետք է, որ լավ նվագես, եթե կարող ես նաեւ առանց պարապելու, ուրեմն՝ խնդրեմ: Միշտ խորհուրդ եմ տալիս երաժշտությանը մոտենալ հատուկ հարգանքով, հարգել գործիքը: Եթե գործիքը չես հարգում, դու ընդամենը նվագող ես, ոչ թե երաժիշտ… Ինձ համար կարեւոր է նաեւ մարդու տեսակը, որովհետեւ չի կարող լինել լավ ջութակահար, որը վատ մարդ է»,- համոզված է Զոհրաբ Թադեւոսյանը:
Մեր զրույցի ավարտին նա մի տպավորիչ դրվագ պատմեց այն մասին, թե ինչպես է 2010թ. դարձել աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի ասիստենտը: Ասում է՝ այդ ժամանակ Չումաշենկոյին անգամ դեմքով չէր ճանաչում: Համերգից դուրս է եկել ու տեսել, որ հեռախոսի վրա մի քանի տասնյակ բաց թողնված զանգեր ունի: «Հետ զանգեցի, ասացին, որ Չումաշենկոն մրցույթ է հայտարարել՝ կուզե՞ս նվագել: Հարցրի՝ ե՞րբ է, ասացին՝ հենց հիմա, ես էլ գնացի ու նվագեցի, ընդ որում՝ լրիվ անծանոթ մի բան: Հետո իմացա, որ հենց ինձ են ընտրել: Տարօրինակ էր՝ ես իր մոտ չէի սովորել, Զախար Բրոնի ղեկավարությամբ եմ ուսանել, ու հույս էլ չունեի, որ կանցնեմ: Բայց ասես ի վերուստ էր, որ այդպես ստացվեց: Հիմա մենք անբաժան ենք, եւ եթե Աստված չանի, ինքը մի օր հեռանա, ես էլ չեմ մնա այդ դպրոցում»,- հայտնեց Զոհրաբ Թադեւոսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.katarinagurska.com-ի:

«Առավոտ» օրաթերթ
21.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031