Հարցազրույց ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
– Ի՞նչն է պատճառը, որ «ոչ»-ի շուրջ ձեւավորված միավորումները չեն համախմբվում՝ այն, ինչին սպասում է ժողովուրդը։
-Այս թեման արհեստական է։ Իրականում միասնականությունը կա։ Սեպտեմբերի 12-ին ստորագրվել է միասնական հայտարարություն «Ոչ»-ի ճակատի ստեղծման մասին՝ բոլոր գործող ուժերի կողմից։ Այլ բան է, որ ձեւավորվել է, փաստորեն, երկու շտաբ։ Այստեղ էլ, կարծում եմ, չի կարելի համարել, որ միասնությունը խախտված է, որովհետեւ «ոչ»-ի քարոզով եւ «ոչ»–ի հանրաքվեով զբաղվող շտաբը մենք ենք կազմակերպել եւ մենք ենք տանելու առաջ, իսկ «Հանրային փրկության» շտաբը մի քիչ այլ նպատակներ է հետապնդում, որոնք կապված չեն հանրաքվեի հետ։ Մեր կարծիքով, պետք է զբաղվել եւ իշխանափոխության գործընթացով, եւ հանրաքվեով։ Ավելին, հանրաքվեն օգտագործել որպես իշխանափոխության գործիք։ Մենք պատրաստ ենք դառնալ «ոչ»-ի քարոզարշավի եւ հանրաքվեում «ոչ»-ի շարժման տերը։ Այսօր մարդիկ սպասում են դրան, ցանկանում են ունենալ մի շտաբ, լինել ներգրավված այն գործընթացների մեջ, որոնք ուղղված են հանրաքվեում «ոչ»-ի շարժման կազմակերպմանը։ Մենք պայմանավորվել ենք «Նոր Հայաստան» միավորման, նրանց շտաբի հետ, որ բացարձակապես խնդիր չենք տեսնում, որ գոյություն ունեն երկու շտաբներ։ Մենք իրար չենք խանգարելու, այլ միայն օգնելու ենք, որովհետեւ համարում ենք, որ մի խնդրի լուծումը բխում է մյուսի լուծումից, եւ հակառակը։ Միգուցե անգամ լավ էլ է, որ մի շտաբը կենտրոնանա հանրաքվեում «ոչ»-ի կազմակերպման խնդրի վրա, մյուսը՝ ավելի արմատական կարգախոսներով մարդկանց հրապարակ բերելու գործով։
– Այսինքն, դիալոգ կա, եւ պարտադիր չէ՞, որ մեկն առաջնորդի։
Կարդացեք նաև
– Ոչ միայն դիալոգ կա, այլեւ կան հստակ պայմանավորվածություններ։ Մենք մշտապես բանակցում ենք, նաեւ հենց «Նոր Հայաստանի» համաժողովի ժամանակ ես ելույթիս մեջ նշեցի, որ գլխավոր երկու հարցերում մենք միասնական ենք, եւ ժողովուրդը դա պետք է տեսնի։ Այսինքն, բոլորս մերժում ենք Սերժ Սարգսյանի ռեժիմը եւ այս սահմանադրական փոփոխությունները։ Եվ եթե կա տարբերություն, ապա դա վերաբերում է միայն քաղաքացիական անհնազանդության կազմակերպման տեխնոլոգիային։
– Այսինքն, իրենք հայտարարեցին, որ դեկտեմբերի 1-ին փողոց են դուրս գալու։ Դուք սա ընդունո՞ւմ Եք։
– Նախ, մենք էլ ենք հանրահավաքներ պլանավորում։ Ինչքան հրապարակն զբաղված լինի, ակտիվությունը մեծ լինի, որքան ավելի շատ մարդիկ եւ քաղաքական միավորումներ ներգրավված լինեն հրապարակային պայքարի մեջ, այնքան մեր երկրում դիմադրության աստիճանը, «գրադուսը» բարձր կլինի։ Թող իշխանությունները մի քիչ հոգնեն տարբեր քաղաքական ուժերի ակտիվությունից փողոցներում եւ հրապարակներում։ Այս առումով մենք միայն փոխլրացնելու ենք իրար, եւ մեկի ակտիվացրած ժողովուրդն օգնելու է մյուսին՝ ակտիվացնել ժողովրդին։ Այլ բան է, որ մենք համարում ենք, որ, բացի հրապարակային պայքարից, կարեւոր է հանրաքվեում «ոչ»-ի եւ քարոզարշավը, եւ դիմադրությունը, եւ պայքարը տեղամասերում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում