Քաթարում ավարտված աշխարհի առաջնությունում մեր երեք բռնցքամարտիկների մասնակցության մասին ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանն արդեն հրապարակավ խոսել է: Ուստի, մեր զրույցի թեման նրա հետ ավելի շատ շոշափեց ընդհանրապես հայկական բռնցքամարտում տիրող վիճակն ու ապագայի սպասելիքները:
-Պարոն Գեւորգյան, երբ ստանձնեցիք ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, մտածո՞ւմ էիք, որ հնարավոր է՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից չունենանք:
– Քաթարից հետո օլիմպիական ուղեգիր չունի նաեւ այնպիսի երկիր, ինչպիսին է ԱՄՆ-ը, որը, կարելի է ասել, բռնցքամարտի ողնաշարն է: Զարմանալ պետք չէ: Սա սիրողական բռնցքամարտ է, որում քաղաքականությունը հոշոտել է արդարությունը սպորտում: Մեր Հովհաննես Բաչկովը, ինչպես տեսաք, պատրաստ էր իրենից շատ ավելի անվանի բռնցքամարտիկին զրկել տիտղոսից: Բայց հավասար մարտում մրցավարների համակրանքն աշխարհի չեմպիոնի կողմն էր, որը նաեւ մեկ քաշ ցածր կարգում է թիվ մեկը եղել: Եթե ոչ այսօր, ապա վաղը Բաչկովի օրն էլ կգա: Վիճակն ավելի խառն է այնտեղ, որտեղ օլիմպիական ուղեգրերն են ձեռք բերվում: Այդտեղ ավելի շատ խառնվում է քաղաքականությունը, մաֆիան: Ամեն մի երկիր փորձում է օլիմպիական ուղեգրերով եւ աշխարհի մեդալներով իր մկանները ցույց տալ: Այստեղ մենք զիջում ենք: Եվ քանի որ անդրկուլիսյան պայքարում հավասար մրցակցելու հնարավորություն չունենք, պետք է ուժեղանանք:
– Ինչպե՞ս: Նման բարձրակարգ մրցումներում գրեթե անհնար է մյուսներից մեկ գլուխ բարձր լինել:
– Առայժմ հերոսություն անել չի ստացվում, որովհետեւ բացթողումը շատ երկար է տեւել: Իմ՝ գործող բռնցքամարտիկ լինելուց մինչեւ ֆեդերացիայի նախագահ ընտրվելու միջեւ ընկած ժամանակահատվածում հայկական բռնցքամարտը շատ բան է կորցրել ու ամեն բան վերականգնելը դժվար է ու միանգամից հնարավոր չէ: Չնայած, այդ խնդիրները լուծելու ճանապարհին էլ ենք լուրջ դժվարությունների հանդիպում: Համբերություն է հարկավոր:
-Կոնկրետ լուծումների ճանապարհ տեսնո՞ւմ եք:
-Պետք է ստեղծվի մի համակարգ, որն աշխատի անկախ այն բանից, թե ով կլինի ֆեդերացիայի նախագահը: Այդ համակարգը չի թողնի, որ պարանը կտրվի: Դրա ամենակարճ ճանապարհը ֆեդերացիա-նախարարություն-օլիմպիական կոմիտե սերտ համագործակցությունն է: Եթե չամրապնդվի այս կապը, շատ դժվար կլինի ինչ-որ բան վերականգնել: Ֆեդերացիան պատասխանատու է ընդամենն արդեն հավաքականում հայտնված մարզիկների համար: Մինչդեռ, մենք մարզերում ընկած մարզադպրոցների մարզիչների ու բռնցքամարտիկների հետ ենք աշխատում: Մարզեր, մարզադպրոցներ կան, որոնք տարիներ շարունակ Հայաստանի առաջնության ոչ թե մեդալակիր, անգամ մասնակից չեն տալիս: Բայց շարունակում են գործել ու նույն մարդկանց ղեկավարությամբ: Ու անողը մենք չենք: Այս համագործակցության մասին է խոսքը, որպեսզի ՄԴ-ներում լինեն սրտացավ ղեկավարներ, նորմալ մարզիչներ, որպեսզի տեղերում դասական բռնցքամարտի ճիշտ դրվածքով մարզիկներ ունենանք: Հազվագյուտ լինում են տաղանդավոր բռնցքամարտիկներ, որոնք միջազգային ռինգում կարողանում են բրոնզ փախցնել: Ես ցավ եմ ապրում, երբ ուրախանում ենք հատուկենտ բրոնզների համար: Մինչդեռ, մենք պետք է գնանք հաղթելու, ոսկե մեդալների հետեւից: Ու այս վիճակով մենք ուզում ենք օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Ի՞նչ է տալու մեզ օլիմպիական ուղեգիրը, եթե այն մեդալի չի վերածվելու: Ես ուզում եմ, որպեսզի օլիմպիական ուղեգիր ունենա այն բռնցքամարտիկը, ով ունակ է օլիմպիական խաղերում մեդալ նվաճել կամ գոնե դրա համար պայքարել:
– Այսինքն, եթե սպիտակ քարտ լինի, կհրաժարվե՞ք:
– Աշխարհի առաջնությանը Հովհաննես Բաչկովը սպիտակ քարտով էր մասնակցում, բայց բոլորից լավ հանդես եկավ: Մեզ մի հնարավորություն տվեցին ու իմ անձնական որոշմամբ նա մեկնեց, քանի որ իսկապես գտնում եմ, որ նա շատ արժանի բռնցքամարտիկ է: Եվ նա իրեն արդարացրեց: Հիմա Բաչկովն իր քաշային կարգում եղանակ է ստեղծում, բայց նույն անարդար ճանապարհներով նա Եվրոպայի առաջնությունում աշխարհի առաջնության իրավունք ձեռք բերելուց զրկվեց:
Չեմ կարծում, թե սպիտակ քարտ կլինի, բայց եթե լինի, շատ հնարավոր է, որ այդպիսի բռնցքամարտիկներն օլիմպիական խաղերից մեդալով վերադառնան:
-Վերադառնանք մեր ներքին խնդիրներին: Մեր ՄԴ-ների մարզիչների աշխատանքից դժգո՞հ եք:
-Իհարկե, դժգոհ եմ: Երիտասարդ մարզիչներ կան, որ 100-200 երեխաներ ունեն: Բայց հարցը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է: Տարիքն առած տաղանդավոր մարզիչներն արդեն այն աշխուժությունը, եռանդը չունեն, իսկ նորեկները լավ սերունդ չեն տալիս: Հայաստանում ովքե՞ր են դառնում վաստակավոր մարզիչ: Օրենքում հստակ գրված է: Բայց օրինակ ունենք, որ, ասենք, պատանիների Եվրոպայի չեմպիոն դարձած երեխայի մարզիչը բռնցքամարտի հետ կապ չունի: Ծիծաղելի է: Երեխան որոշել է, ասենք, իրենց հարեւանի անունը գրել որպես մարզիչ ու այդ հարեւանը դառնում է վաստակավոր: Ես բազմիցս ասել եմ, որ մարզչի որակավորումը պետք է ֆեդերացիան տա, որովհետեւ մասնագիտական պատասխանատվությունը ֆեդերացիան է կրում, որը ճանաչում է իր մարզիչներին ու գիտի նրանց անցած ճանապարհը: Մենք մշակել ենք որոշակի կանոնակարգի փաթեթ, որն արդեն պատրաստ է, որպեսզի բռնցքամարտի մարզիչները ֆեդերացիայում քննություն հանձնեն եւ համապատասխան որակավորում ստանան: Մեր խնդրանքը պետք է լինի, որպեսզի նախարարությունը բռնցքամարտի մարզիչ կամ պատասխանատու նշանակելիս մեզ հետ համագործակցի եւ առաջնորդվի ֆեդերացիայի տված հավաստագրով, բնութագրով, ինչն անում է ԱԻԲԱ-ն:
– Ձեր օրոք ՀԲՖ-ի գործունեության մեջ մտավ մարզիչների ռոտացիա հասկացությունը: Եթե ըստ տարիքային խմբերի հավաքականների մարզիչները ակնկալվող արդյունք չեն տալիս, փոխարինվում են: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին այդ «վտանգը» սպառնո՞ւմ է, թե՞ նա անձեռնմխելի է:
– Դավիթ Թորոսյանի՝ գլխավոր մարզչի պարտականությունները Եվրոպայի առաջնությանը վատ մասնակցելու համար, իմ որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են: Դրա համար աշխարհի առաջնություն նրա փոխարեն գնաց Կարեն Աղամալյանը: Երբ կվերադառնա նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունից, այն ժամանակ որոշում կկայացնենք, թե ով որտեղ կշարունակի աշխատել: Դավիթ Թորոսյանը իր մասնագիտական ունակություններով պրոֆեսիոնալ, բայց միեւնույն ժամանակ նաեւ խնդիրներ առաջացնող մարզիչ է, որն ազդում է թե հավաքական թիմի տրամադրության, թե մարզչական մթնոլորտի վրա: Այսինքն, այն, ինչը հայկական բռնցքամարտին պետք չի: Կարծես, երկու երնեկ մի տեղ չի լինում: Մենք ունենք մի շարք մարզիչներ, որոնք կարող են ղեկավարել մեծահասակների հավաքականը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015