«Սիրո գործակից « ֆիլմի ռեժիսորներն են Արմեն Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, գլխավոր դերակատարները`Հայկ Մարությանը, Էթերի Ոսկանյանը, Գարիկ Պապոյանը, Արմինե Պողոսյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Խորեն Լևոնյանը և այլք: Հանդիսատեսը ֆիլմը կարող է տեսնել կինոթատրոններում` հոկտեմբերի 22-ից:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Մարությանը խոսեց ֆիլմի ստեղծման մասին. «Մեծ էկրանից ձեր դատին ենք ներկայացնում մեր թիմի մեկ տարվա քրտնաջան աշխատանքը: Այս անգամ ավելի դժվար էր, քան «Սուպեր մամա» ֆիլմի ժամանակ: «Սուպեր մամա» ֆիլմի ստեղծագործական խումբը փորձել է մեկ աստիճանով սանդղակը բարձրացնել` որակային առումով: Մեծացվել է ֆիլմի բյուջեն, մարդկային ռեսուրսները և նկարահանումների աշխարհագրությունը: Ֆիլմը կատակերգություն է, որի հիմնական ասելիքը մեկն է`մարդու կյանքը աշխարհում ամեն ինչից թանկ է»:
Ռեժիսորներից Վահագն Խաչատրյանը կարևորեց ֆիլմի հիմնական գաղափարը, և իր խոսքում ասաց, որ կյանքում դժվարություններն ու բարդությունները հաղթահարելու համար կան բազմաթիվ միջոցներ: «Որպես կանոն՝ մարդիկ օգտվում են չար և խարդախ միջոցներից: Ֆիլմի ասելիքներից մեկն էլ այն է, որ երբեք պետք չէ կորցնել մարդկային արժեքը, և պետք է դժվարություններից դուրս գալ արդար ճանապարհներով» :
Գլխավոր հերոսուհուն մարմնավորած Էթերի Ոսկանյանն էլ հիշեց նկարահանման հրապարակից որոշ դրվագներ, որոնք հիշարժան էին և հաճելի: «Նկարահանումները բավականին ուշ էին վերջանում, բայց այնքան էի մտել կերպարի մեջ, որ չնայած հոգնածությանս՝ նկարահանումների ավարտից հետո էլ խաղում էի թենիս`զբաղվելով հերոսուհու մասնագիտությամբ: Եթե անկեղծ, ապա սիրեցի այդ խաղը հենց ֆիլմի շնորհիվ: Շատ մանրամասնություններ չեմ ուզում ասել`կգան. կտեսնեն, կհասկանան»:
Կարդացեք նաև
Հայկ ՄԱԳՈՅԱՆ