Ըստ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի` Արա Աբրահամյանը «դառնում է դագանակ Սերժ Սարգսյանի գլխին»
– Պարոն Ենոքյան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օրերս հայտ ներկայացրեց Հայաստանը դարձնել «դեմոկրատիկ, ազատ, անկախ մի պետություն», ու այդ ճանապարհին գուցե նա կուսակցություն ստեղծի, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մի կողմ թողնելով կուսակցություն բացելու իրավունք ունենալ-չունենալու հարցը՝ Հայաստանի քաղաքական դաշտի այս «ռուսաֆիկացման» գործընթացը ինչո՞վ եք բացատրում:
– Կուսակցություն բացելու իրավունք ունի, թե ոչ՝ դա երկրորդական հարց է, որովհետեւ միշտ կգտնվեն ձեւեր` կամ իրավունք ձեռք բերելու, կամ ներկայանալու առանց իրավունքի` միջնորդավորված: Առավել կարեւոր խնդիրը զուտ փաստն է, որ Ռուսաստանը Հայաստան է գործուղում այնտեղ գտնվող օլիգարխներին: Չեմ ուզում դա միայն սահմանափակենք Արա Աբրահամյանով, մենք տեսնում ենք, որ Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում Սամվել Կարապետյանը, վերջերս նա իր ներդրումներն անվանեց բարեգործություն, իսկ դա արդեն քաղաքական գործունեության հայտ է: Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալել դարձյալ ռուսաստանցի օլիգարխ Ռուբեն Վարդանյանը: Այնպես որ՝ դա արդեն դառնում է լուրջ միտում:
– Իսկ ի՞նչ վտանգներով է հղի այդ երեւույթը` Հայաստանի զարգացման առումով: Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, հիմա ռուսաստանաբնակ օլիգարխներն են հաստատվում Հայաստանի քաղաքական դաշտում: Իշխանությունն ավելի չի՞ ամրապնդում իր դիրքերը:
Կարդացեք նաև
– Սա ուղղակի Ռուսաստանի կողմից լրացուցիչ երաշխիք է: Հայաստանում քաղաքականությունը կլինի միավեկտոր, եւ այդ վեկտորը կլինի ռուսական: Նույն սխեմայի կրկնությունն է՝ այն, ինչն արվեց Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ` քառյակով, եռյակով, հետո անհասկանալի ֆորմատներով: Խնդիրը հետեւյալն էր` Սերժ Սարգսյանին ցույց են տալիս` այ, տես սրանց, եթե դու վարվես այլ կերպ, քան մենք ենք քեզ թելադրում, հաջորդ օրը սրանք կգան իշխանության…
Այսինքն՝ այստեղ Հայաստանի խնդիրը չի, Հայաստանում իշխանության վեկտորի խնդիրը չի, իշխանությունը միշտ կունենա նույն վեկտորը, պարզապես տարբեր կատարողներ կարող են լինել: Անկախ նրանից՝ Արա Աբրահամյանի կուսակցությունը կլինի պրոիշխանական, թե ընդդիմադիր, Արա Աբրահամյանը դառնում է դագանակ Սերժ Սարգսյանի գլխին:
– Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ՝ քաղաքական մթնոլորտն ինչպե՞ս եք գնահատում, հասարակական հետաքրքրվածության աստիճանը որքա՞ն է այս գործընթացի հանդեպ, իշխանության ու ընդդիմության դիրքերն ինչպիսի՞ն են:
– Սահմանադրական հանրաքվեին գնում ենք բացարձակ անպատրաստ: Չեմ վախենա ասել, բնակչության գերակշիռ մեծամասնությունը` 99 տոկոսը, տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը եւ չի էլ կարող տեղյակ լինել, որովհետեւ այս բորշչը, որը մատուցում են, այսինքն՝ մի ամբողջ Սահմանադրության համար քվեարկել մեկ օրում, պարզապես անհնար է, որովհետեւ շատ դրույթներ կան, որոնք ընդունելի են, շատ բաներ անհասկանալի են ու անընդունելի: Այնպես որ, մեկ քվեով ասել` «այո» կամ «ոչ» ամեն ինչին, անհնար է: Իշխանությունները եփել են այս ճաշը, նրանք ամբողջովին պատրաստ են իրենց «այո»-ն ստանալ:
Ընդդիմությունը սահմանադրական փոփոխություններին գնում է բացարձակ անպատրաստ` ընդհուպ մինչեւ այն, որ կարելի է հիմա կասկածի տակ դնել ընդհանրապես ընդդիմության գոյությունը Հայաստանում: Ընդդիմությունը հնարավորինս պառակտված է, ստեղծվել են բազմաթիվ ճակատներ, այդ ճակատների անդամներն արդեն նույնիսկ իրենք էլ չեն հիշում, թե այդ ճակատներից որում էին ընդգրկված: Բնականաբար, նրանք որեւէ լուրջ խոչընդոտ չեն կարող հարուցել հանրաքվեին:
– Երեւան այցելեց Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակն ինչպիսի՞ն է: Տպավորություն է ստեղծվում, որ հայ-իրանական բանակցություններում հիմնական քննարկվող հեռանկարը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստն է եւ «նոր դուռը», որը կարող է այդ հիմքով բացվել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Մինչդեռ չի բացառվում, որ մոտ ապագայում ականատես դառնանք, թե ինչպես է Իրանը մեր մյուս հարեւանների հետ լուրջ ծրագրեր կյանքի կոչում:
– Մենք արդեն ականատես ենք լինում դրա` Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղու շինարարության նախագիծն արդեն կա: Այն իրանցիները, որոնք եկել էին Հայաստան, հիմա իրենց բիզնեսը տեղափոխում են Վրաստան: Հայաստանը բավականին ամբիցիոզ ծրագիր առաջ քաշեց` դառնալ հարթակ Իրան-ԵՏՄ հարաբերություններում, բայց դրա համար Հայաստանը չունի որեւէ ռեալ պոտենցիալ, առաջին հերթին չունի քաղաքական պոտենցիալ, որովհետեւ Հայաստանի քաղաքատնտեսական կառուցվածքն այնպիսին է, որ այս երկիրը չափազանց անհրապուրիչ է բոլոր տեսակի ներդրողների համար, սա մեկը:
Իսկ քաղաքական մասով, թե Հայաստանին թույլ կտան արտաքին անկախ քաղաքականություն վարել` մենք տեսնում ենք, որ դա երազ է: Իրանական կողմը Հայաստանին առաջարկել է բազմաթիվ պրոյեկտներ, անգամ ֆինանսավորման աղբյուրներ են գտել ապահովելու, բայց դրանցից ոչ մեկը Հայաստանը չի արել:
Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը չի ուզում ոչ Հայաստանի մեկուսացման բացումը, ոչ էլ Իրանի մեկուսացման բացումը: Ռուսաստանի համար սա կարեւորագույն խնդիր է, եւ նա Հայաստանում թույլ չի տա լուրջ առաջընթաց:
– ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին պաշտոնապես մանդատ տվեց Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Քաղաքական մասով կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները որոշակի պարտավորություններ կստանձնեն, սակայն տնտեսական մասով` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում որքա՞ն Հայաստանը կարող է առհասարակ ազատ զգալ` ԵՄ-ի հետ հարաբերությունները սահմանելու հարցում:
– ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չափազանց ընդգրկուն եւ պարտավորեցնող է տնտեսական առումով, եւ քիչ հնարավորություններ են Հայաստանին տրվում ԵՄ-ի հետ աշխատելու համար: Այլ հարց է, որ ԵՏՄ-ի կառուցվածքը էֆեկտիվ չէ, եւ Հայաստանը կարող է ինչ-որ անցքեր գտնել, բայց չեմ կարծում, թե մենք դրանից կօգտվենք:
Այս գործընթացում կարեւորն այն է, որ Եվրոպան չի փակել հնարավորությունների պատուհանը, եւ կարծում եմ՝ այս բանակցությունները կընթանան այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանն ի վերջո կկարողանա դուրս գալ ԵՏՄ կոչված թնջուկից: Ամեն դեպքում, հիմնական դրականն այն է, որ Հայաստանն անպատրաստ չի լինի հետագա քաղաքական զարգացումների համար:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015