Ինչպես հավանաբար հիշում եք, հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայից 237 ցուցարարներ եւ լրագրողներ բաժին էին տարվել, ըստ ոստիկանության պաշտոնական վարկածի՝ հանցագործություն (խուլիգանություն) կատարելիս բռնվելուց հետո։ Սակայն Քննչական կոմիտեն քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու որոշմամբ փաստեց, որ այդ օրը այդտեղ ցուցարարները խուլիգանություն (կամ որեւէ այլ հանցագործություն) չեն կատարել։
Այստեղից հարց ծագեց, թե 237 հոգու կողմից կատարվող այդ ի՞նչ խուլիգանություն է երեւացել ոստիկանների աչքերին, եթե այդտեղ որեւէ քաղաքացի խուլիգանություն չի գործել (անշուշտ, բացի սեռական բնույթի հայհոյանքներ գոռացող ոստիկաններից)։
Իսկ հարցը ուներ երկու տրամաբանական պատասխան՝ կամ ոստիկանները իրականում քաղաքացիներին տարել են բաժիններ, քանի որ ստացել են ցուցարարներին պատժելու հրահանգ, կամ ոստիկանության հարյուրավոր ծառայողներ ալկոհոլի, թմրանյութերի կամ հալյուցինոգենների ազդեցության տակ խմբակային հալյուցինացիա են ունեցել եւ տեսել են մի բան, որն իրականում չկա։
Սակայն այստեղ իրավիճակին խառնվեց դատախազությունը, որը վերաբացեց խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործը եւ այդպիսով փորձեց փրկել ոստիկանության իմիջը։
Կարդացեք նաև
Ընդ որում, դատախազությունը գերակատարեց պլանը, կատարելով այնպիսի ձեւակերպումներ, որոնք պարզապես հակասում են սահմանադրական կարգին։ Մասնավորապես, որոշման մեջ ասվում է, որ «մի խումբ անձինք անօրինական հավաք, երթ, ապա նաեւ նստացույց կազմակերպելով, Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության անդամների նկատմամբ»։ Իսկ «դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով» արտահայտությունը հենց քրեական օրենսգրքով խուլիգանության նկարագրությունն է։ Այսինքն, ըստ դատախազության, ստացվում է, որ փողոցներում ապօրինի ցույց անելը այլեւս դասվում է խուլիգանության շարքը: Այսինքն, բոլոր այն անձինք, ովքեր երբեւէ մասնակցել են Բաղրամյանի ցույցերին, ինչպես նաեւ բերքի մթերումից փողոց փակած բոլոր գյուղացիները եւ ցանկացած այլ չիրազեկված ու փողոց փակած ակցիայի մասնակցած քաղաքացիները, ըստ դատախազության, հանցագործ են։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում