Գրոզնիում վերջերս կայացած Մահմուդ Էսամբաեւի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնին, որին մասնակցել են 7 երկրների 96 մենապարողներ եւ արտիստներ՝ ՌԴ 19 տարածաշրջաններից, Հայաստանը մասնակիցների արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Մեր երկիրը ներկայացրել էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 4 արտիստ՝ Վահագն Մարգարյանը, Արթուր Գասոյանը, Սամվել Սերոբյանը եւ Պետրոս Սերոբյանը։ Արտիստներին մրցույթ-փառատոնին ներկայացրել է թատրոնի բալետային խմբի վարիչ Բորիս Էմինյանը։
«Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ մրցույթ-փառատոնի կազմակերպիչները մասնակցության հրավերով դիմել էին Հայաստանի մշակույթի նախարարությանը, որն էլ իր հերթին դիմել էր օպերային թատրոն։ «Բալետային խմբից ընտրված արտիստները պատրաստեցին երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի «Թմբուկներ» եւ մեկ հայկական ժողովրդական պար։ Իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով եւ, իհարկե, բեմադրմամբ մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանն ու Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի պարարվեստի քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը»,- հայտնեց Բորիս Էմինյանը։ Հավելեց, որ մրցույթն անցկացվում էր Գրոզնիի «Վայնախ» ¥թարգմանաբար՝ մեր մարդիկ) պետական թատրոնում, ժյուրիի կազմում էին անվանի պարողներ, իսկ այն գլխավորում էր Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Բալետ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերիա Ուրալսկայան։
Բորիս Էմինյանը շեշտեց Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարար Խոժ-Բաուդի Դաաեւի՝ հրավիրված արտիստների հանդեպ հոգատար վերաբերմունքը եւ հատուկ նշեց տեղի Արվեստի եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Ասլան Իբրահիմովի՝ հայ արտիստների նկատմամբ ունեցած ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային ջերմ հոգածության մասին։ «Պարոն Իբրահիմովը նույնիսկ շապիկներ էր պատվիրել հայ պարողների պատկերներով, եւ առանց չափազանցության, ամեն րոպե մեր կողքին էր»,- փաստեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Հավաստիացրեց նաեւ, թե Ասլան Իբրահիմովը քանիցս նշել է, որ իր հետ զրույցներում տարբեր երկրների ներկայացուցիչներ ասել են, թե հայ տղաների պարը ամենապրոֆեսիոնալն է, նա փաստել է, որ արվեստում դավանանքը նշանակություն չունի՝ ասելով. «Դավանում ենք տարբեր կրոններ՝ հավատալով մեկ Բարձրյալի, մեր դեպքում՝ Ալլահին, ձեր դեպքում՝ Հիսուսին»։
Զրույցի ընթացքում Բորիս Էմինյանն ասաց նաեւ, որ չեչեններն այսօր մեծ տեղ են հատկացնում մշակույթին։ Վերջին տարիներին Գրոզնիում ավելացել են նորակառույց մշակութային օջախները։ Անդրադառնալով կայացած մրցույթ-փառատոնին՝ հավելեց, որ Գրան-պրիի արժանացել է Բելառուսը ներկայացնող պարային դուետը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Չեչնիայի պարային խումբը, երրորդը՝ դարձյալ Բելառուսը։
Հարցին՝ հայ հանդիսատեսը երբեւէ կտեսնի՞ Չեչնիայում ներկայացված պարային մինի-ներկայացումները, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ դա տեղի կունենա ամենամոտ ժամանակներս, իսկ թե ինչո՞ւ մեզ մոտ մինչ օրս չկա հայ բալետային արվեստի որեւէ երախտավորի անվան մրցույթ, Բորիս Էմինյանի պատասխանը հակիրճ էր. «Դա բալետի արտիստների գործը չէ»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Բորիս Էմինյանը (ձախից)՝ բալետի արտիստների հետ:
«Առավոտ» օրաթերթ
21.10..2015