Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարված հեղափոխությունների տարեգրությունը

Հոկտեմբեր 22,2015 10:11

Այն ժամանակ, երբ 1917 թվականի աշնանը ապստամբության մեծ մասնագետ Վլադիմիր Ուլյանովը մտմտում էր, թե երբ պետք է հեղափոխություն անի, «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» եւ այլն, նրա զինակիցներ Զինովեւը եւ Կամենեւը մենշեւիկների «Նոր կյանք» թերթի հոկտեմբերի 18-ի համարում բացահայտ կերպով հայտարարեցին, որ հեղաշրջումը, որը նրանք արկածախնդրություն էին համարում, տեղի կունենա մոտակա օրերին: Լենինն, իհարկե, նեղացավ իր ընկերներից, կուսակցության ծրագրերի բացահայտումը դավաճանություն համարեց, բայց հետո ներեց նրանց՝ հավանաբար այն պատճառով, որ նույնիսկ նախօրոք հայտարարված հեղափոխությունը Ժամանակավոր կառավարությունը չկարողացավ կանխել, եւ հոկտեմբերի 25-ին, այսինքն՝ մեկ շաբաթ անց «Ավրորան» ազդարարեց բոլշեւիկների «հաղթարշավը»: Բայց փաստ է, որ հեղաշրջման օրը նախօրոք հայտարարելը մարտավարության տեսակետից այնքան էլ ճիշտ քայլ չէ:

Հայաստանյան հեղափոխականներն ամբողջությամբ հաշվի չեն առնում ապստամբության լենինյան փորձը եւ 23 տարի շարունակ, նպատակ ունենալով «օր առաջ ազատվել հանցավոր ռեժիմից», մշտապես տեղյակ են պահում հանրությանը, թե երբ է դա տեղի ունենալու: Արդեն առիթ եմ ունեցել հիշեցնելու, որ այդ գործելաոճի հիմքը դրել է Աշոտ Մանուչարյանը, որը 1994 թվականի ամռանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց իշխանափոխության ոչ միայն օրվա, այլեւ ժամի մասին: Սակայն եթե «ռեժիմ» ասելով ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն եւ Մանուչարյանը նկատի ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նրանից «ազատվեցին» միայն 3,5 տարի հետո, ինչի հետեւանքով «ռեժիմը», իմ կարծիքով, դարձավ շատ ավելի «հանցավոր»:

23 տարի շարունակ արմատական ընդդիմադիրները, ի հեճուկս հեղափոխական պայքարի այբուբենի, տեղյակ են պահում հանրությանը հեղաշրջման իրենց ծրագրերի մասին՝ ասելով՝ իշխանափոխությունը տեղի կունենա գալիք աշուն, գալիք գարուն, այս ամիս, հաջորդ ամիս եւ այլն: Իհարկե, դա հենց այնպես, աննպատակ չի ասվում: Նախ՝ մարդիկ պետք է իմանան, թե երբ է սկսվելու իրենց անհոգ եւ բարգավաճ կյանքը: Իսկ հետո՝ դա նաեւ հոգեբանական ճնշում է իշխանության վրա, որը, ենթադրաբար, պետք է «խուճապի մեջ» հայտնվի: Բայց բացասական հետեւանքներն ավելի շատ են՝ հեղաշրջումը տեղի չի ունենում, «ժողովրդին լավ պահող» իշխանությունը չի գալիս, եւ մարդիկ հիասթափվում են հավասարապես բոլորից:

Վերջին ժամանակներս նախօրոք հայտարարված հեղափոխության էստաֆետը վերցրել է Ժիրայր Սեֆիլյանի խումբը: Այս տարվա սկզբից կարգախոսն էր՝ «100-ամյակն առանց ռեժիմի», այսինքն՝ հեղափոխությունը տեղի կունենա մինչեւ ապրիլի 24-ը կամ հենց այդ օրը: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ այդ խմբին ապօրինաբար ձերբակալեցին, որպեսզի 100-ամյակի միջոցառումներին չխանգարի, իսկ հետո բաց թողեցին: Հիմա նոր ժամկետ է դրվում՝ դեկտեմբերի 1-ը: Տեսնես, դրանից հետո ի՞նչ են ասելու:

…Գաբրիել Գարսիա Մարկեսը մի վիպակ ունի, որը կոչվում է «Հայտարարված մահվան տարեգրություն»: Այնտեղ ճիշտ հակառակն է՝ վիպակի բոլոր հերոսներն անում են ամեն ինչ, որ իրադարձությունը տեղի չունենա, բայց անզոր են գտնվում: Ճակատագիր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ ներողամիտ եղէք որ առարկեմ «Հայտարարված մահվան տարեգրություն» վիպակի ձեր մեկնաբանութեան, յարգելի խմբագիր:

    Այն ինչ որ ես հասկացել եմ այդ վիպակից, այն է թէ՝ ամէն ձեւով, բազմաթիւ առիթներով եւ մեծաթիւ մարդոց յայտնուած/յայտարարուած էր պատրաստուող – անիմաստ – սպանութիւնը, սակայն հակառակ այդ ամէնին, ոչ ոք միջամտեց առաջքը առնելու համար ողբերգութեան:

    Չգիտեմ եթէ կապ ունի մնացեալ ձեր մտորումի հետ, սակայն հարկաւոր նկատեցի արտայայտել գրական այս տարակարծութիւնը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սիրելի Հայդուկ, Դուք շատ գեղեցիկ եւ կոռեկտ ձեւով եք արտահայտում Ձեզ տարակարծությունը: Շնորհակալություն:

    • Հ.Շ. says:

      (Աւելի ճշգրիտ լինելու համար, այո, որոշ չափով ճիշտ էք` սպանութիւնը ծրագրողները (բայց ոչ թէ վիպակի բոլոր դերակատարները) «անում են ամեն ինչ, որ իրադարձությունը տեղի չունենա», որովհետեւ անոնք ներքնապէս ուզում են որ մէկը զիրենք զսպէ, կանխէ սպանութիւնը, թոյլ չտայ որ իրագործեն իրենց անդադար յայտնած նպատակը, սակայն հակառակ այդ բոլորին՝ ոչ ոք մի բան չի անում, եւ հերեւաբար անոնք մինչեւ ծայր տանում են իրենց ողբերգական ծրագիրը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031