Լրահոս
Օրվա լրահոսը

16 տարվա գյուղապետը գյուղնախարարության ձեռից կրակն է ընկել

Հոկտեմբեր 21,2015 23:15

Նավուրի գյուղապետին դատի են տվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գումարի բռնագանձման պահանջով դատի է տվել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանին: Վերջինս Տավուշի մարզում հարգված մարդ է, 1999 թվականից մինչ օրս Նավուրի գյուղապետն է: Գյուղնախարարության հայցով Արամ Նիգոյանի գույքի եւ դրամական միջոցների վրա դատարանն արգելանք է դրել: Այդ քաղաքացիական հայցով արդեն կայացել են նախնական նիստեր, հոկտեմբերի 27-ին տեղի կունենա դատաքննություն:

Ա. Նիգոյանն ասաց, որ ինքը նաեւ անասնապահությամբ է զբաղվում, 30-ից ավելի կթու կով, նաեւ հորթեր ունի, միասին՝ շուրջ 70 անասուն: Նա 2 տարի առաջ ցանկանալով բարելավել իր անասունների տոհմային կազմը՝ վերցրել է գյուղատնտեսության նախարարության կողմից Եվրոպայից Հայաստան ներկրված «Հոլշտեյն» տեսակին 4 երինջ:

Ա. Նիգոյանը դրանք Նավուր է ներկրել Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում գործող «Միլք լենդ» անասնապահական ձեռնարկությունից, որի սեփականատեր Սոս Քոչարյանը տոհմային անասնապահության զարգացման ծրագրով գյուղնախարարության ներկրած տոհմային երինջներից մի քանի տասնյակ վերցրել է: Նիգոյանը հայտնեց, որ 6 ամիս  հետո տոհմային երինջները ծնել են: Նա անձամբ է խնամել դրանց, կերակրել պահանջվող որակյալ կերակրատեսակներով:

Գյուղնախարարությունից ասել էին, որ այդ դեպքում յուրաքանչյուր կով օրական պետք է 50 լիտր կաթ տա, սակայն նման բան չի եղել: Տեսնելով, որ այդ կովերին պահելու համար մեծ քանակի անասնակեր ծախսելով՝ ինքը շատ վնասներ է կրում, Ա. Նիգոյանը գյուղնախարարությանը հայտնել է, որ հրաժարվում է 3 երինջից: Գյուղնախարարությանը դրանք հատկացրել է Թալինից մի ֆերմերի: Ա. Նիգոյանը իր անասունների տոհմային կազմը բարելավելու նպատակով մի երինջ պահել է իր մոտ, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է նաեւ դրանից, 4-րդ երինջը նույնպես թալինցի ֆերմերն է վերցրել:

Ա. Նիգոյանի խոսքերով՝ ինքը գյուղատնտեսության նախարարության անասնաբուժություն-անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանին (նա հիմա այլ նախարարությունում է աշխատում) խնդրել է երինջների վերաբերյալ պայմանագիրը վերաձեւակերպել թալինցի ֆերմերի անունով, սակայն վերջինս ասել է, որ դրա կարիքը չկա: Թալինցի ֆերմերի մոտ երինջների սատկել են, գյուղնախարարությունը Ա. Նիգոյանից պահանջում է փոխհատուցել դրանց արժեքը: Ցեղական երինջները տրվել են 4 տարով՝, առաջին տարում ֆերմերը պետք է փոխհատուցեր դրանց արժեքների 10 տոկոսը., 2-րդ տարում ՝20 , 3-րդ տարում՝ 30, 4-րդ տարում ՝40 տոկոսը:

Նավուրի գյուղապետն ասաց, որ թալինցի ֆերմերի հետ պայմանավորվել են, որպեսզի միասին փակեն մի քանի միլիոն դրամ պարտքը: Նրա վկայությամբ՝ տոհմային անասունների շատ ավելի մեծ անկում է եղել Սոս Քոչարյանի մոտ:

Նավուրի գյուղապետը հայտնեց, որ մի քանի տարի առաջ ինքը օգտվել է գյուղնախարարության կողմից իրականացվող սերմնաբուծության զարգացման ծրագրից, էլիտար համարվող սերմացու վերցրել, սակայն նախանցյալ տարվա կարկուտը ոչնչացրել է ցորենի իր արտերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031