Բացվեց Արսեն Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը
Հոկտեմբերի 21-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Արսեն Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Նույն օրը արվեստագետը դարձավ 33 տարեկան: Ինքնատիպ ցուցահանդեսը յուրօրինակ հաշվետվության ձեւ էր՝ խիստ խորհրդանշական տարիքում:
Արսեն Հարությունյանը խոստովանում է, որ սկզբում տատանվում էր ցուցահանդես ունենալու առումով, ինչ-որ տեղ պատրաստ չէր քննադատություններ լսել, թեեւ բավականին աշխատանքներ է ստեղծել ու լուրջ գնահատականների արժանացել ավագ վրձնակիցների կողմից:
«ՀայԱրտում» ցուցադրված էր նրա շուրջ 3 տասնյակ գործ: «Ասպետ», «Երաժիշտ», «Մունետիկ», «Նավապետ», «Սեր նավակում», «Թագուհին»՝ այսպես է երիտասարդ նկարիչը վերնագրել իր ստեղծագործությունները, որոնցից, ինչպես եղբայրը՝ գրող, հրապարակախոս Հարություն Հարությունյանն է փաստել, ուղղակի մեղեդի է հորդում…
Կարդացեք նաև
Շնորհավորելով Արսենին, «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանն ասաց, որ բոլոր ստեղծագործական պտուղները գալիս են լրացնելու նրա ծննդյան տոնակատարությունը: Նա նաեւ «ՀայԱրտի» անունից պարգեւատրեց նկարչին առաջին ցուցահանդեսին լավագույնս ներկայանալու համար:
Արսեն Հարությունյանի գույներն ու ստեղծագործական խորքն այնպիսի հետաքրքրություն էին առաջացրել, որ ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին ճանաչված մշակույթի գործիչներ ու գրչի վարպետներ:
Հավելենք, որ Արսեն Հարությունյանը սովորել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ գրաֆիկայի բաժնում, իսկ երկու տարի առաջ ավարտել նույն ակադեմիայի մագիստրատուրան:
Aravot.am-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ ազդվել է բոլոր հանճարեղ նկարիչներից ու իրեն համարում է բոլորի սանը: Նշեց, որ իրեն ավելի ինքնավստահ է զգում հատկապես գրաֆիկական աշխատանքներում, դրանով ավելի վաղ տարիքից է զբաղվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ