Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի դիտարկմամբ, ԵՄ հետ Հայաստանի նոր հարաբերությունները կարող են ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման ճանապարհ դառնալ:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ:
Լեւոն Շիրինյանի կարծիքով, Եվրամիության հետ հնարավոր նոր պայմանագրով Հայաստանը Եվրոպայի հետ հեռանկարային հարաբերություններ է սկսում. «Սա չպետք է վերածել քաղաքական պայքարի՝ կրկին քննարկելով ԵՏՄ, թե՞ Եվրասիական միություն, այս երկուսը պետք է համադրվեն ու ոչ թե հակադրվեն, իսկ մեզ մոտ արդեն մի քանի տարի է հակադրություններ են»:
Նրա խոսքով, ԵՄ-Հայաստան նոր հարաբերությունների սկիզբը կարող է Ռուսաստանի համար պատուհան դառնալ դեպի Եվրոպա. «Եվրոպացիները դաշնակիցների փոխհարաբերության մեջ համադրում են աշխատանքը, ու իմ կարծիքով Եվրոպայի վերաբերմունքը, դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ փոխվելու է Հայաստանի հետ նոր հարաբերությունների արդյունքում»:
Կարդացեք նաև
Թե Եվրամիության հետ նոր պայմանագիրն ինչ քաղաքական բաղադրիչ ունի քաղաքագետին հայտնի չէ, բայց նա ենթադրում է, թե հնարավոր պայմանագիրն ունենալուց հետո ինչ զարգացումներ կլինեն Հայաստանի ներքաղաքական կյանքում. «Եթե Եվրոպայի կողմից ժողովրդավարությունը պարտադրվի Հայաստանին, մեր երկիրը զարգացման շանս է ունենալու: Թե չէ մենք Եվրոպա գնալու բան չունենք, մենք Եվրոպա ստեղծող ժողովուրդ ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ