Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Քասունի. «Այս ֆիլմերը հանդիսատեսին չցուցադրելը մեծ հանցագործություն է»

Հոկտեմբեր 21,2015 20:30

Հայկական առաջին մուլտֆիլմի էկրանավորումից 7 տասնամյակ անց` Հայաստանում անիմացիոն արվեստը վերականգնելու նոր փորձ կատարեց «ՌեԱնիմանիա» փառատոնը: Առաջին անգամ այն կայացավ 2009 թվականին: Այս տարի Երևանում տեղի կունենա 7-րդ «ՌեԱնիմանիա»-ն:

unnamed

«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «ՌեԱնիմանիա» -ն դարձել է միջազգային կարեւորագույն փառատոններից մեկը՝ իր ծավալով, ֆիլմերի ընտրությունով եւ այլն:

Միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը  հայկական անիմացիոն արվեստի լավագույն ավանդույթները վերականգնելու նպատակ ունի և հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը բոլորին հրավիրում է մասնակցելու փառատոնի բազմազան ծրագրերին:

Այս տարի նախընտրական ժյուրին և միջազգային խորհուրդն ընտրել են 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն 5 մրցութային անվանակարգերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»։

Փառատոնի ընթացքում  կցուցադրվեն նաև ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ծրագրեր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  անիմացիոն ֆիլմերի ծրագիր նույնպես կլինի, Վրեժ Քասունին վստահ է, որ  «Վերածնունդ» անվանումը այս դեպքում տեղին է:

Փառատոնին կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատկերապատումների ցուցահանդեսը: Պրն. Քասունու խոսքով կա 12 պատկերապատված գրքեր նվիրված այս թեմային, որոնցից 3-ը այս տարի է լույս տեսել:

«ՌեԱնիմանիա» -ն մեկ շաբաթում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմ։ Մասնակիցներն աշխարհի տարբեր կողմերից են՝ Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հարավային Ամերիկայից, Լիբանանինց, Ռուսաստանից՝ գրեթե բոլոր աշխարհամասերից:

Փառատոնը կբացվի ֆրանսիական «Մունե» ֆիլմով, որը երկու ռեժիսորների`   մեր հայրենակից՝ Ալեքսանդր Հեբոյանի և Բենուա Ֆիլիպոնի համատեղ աշխատանքն է:

«Բացման ֆիլմը շատ գեղեցիկ ընտանեկան ֆիլմ է, այն քարոզում է ընկերասիրություն, բարիություն, հավատարմություն, իսկ ամենակարեւորը, որ ռեժիսորից մեկը հայ է, այս անգամ որոշեցինք պատիվը տալ մեր հայրենակցին»,-խոստովանում է Վրեժ Քասունին:

Փակմանը կցուցադրվի ռեժիսոր՝ Ռոջեր Ալերսի «Մարգարեն»: Նշենք, որ արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչունավորել է Սալմա Հայեքը:

unnamed-(2)

Վրեժ Քասունու պնդմամբ այդպիսի ֆիլմը հանդիսատեսին չցուցադրելը մեծ հանցագործություն է: Այստեղ 9 միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորներ են աշխատել, ֆիլմը քարոզում է խաղաղություն, այն շատ հարմար է հենց փակման համար:

Ի դեպ, «ՔԱՍՍարտ փրոդաքշն» -ը  համագործակցելով Անգուլեմի անիմացիոն դպրոցի հետ այս տարի 2 կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։ Վարպետության դասընթացներից բացի, այս տարի առաջին անգամ կտրամադրվի կրթաթոշակ:

Առաջին կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2016 թ. հունվարին՝ 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Կուսուցանվի ավանդական 2D, 3D եւ այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տեւողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի:

Երկրորդ կրթաթոշակը մասնակցին հնարավորություն կտա 2016 թ. մայիս-հունիսին 1,5 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։

Երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը փառատոնի պաշտոնական կայքում:

Ինչպես ամեն տարի՝ այնպես էլ այս անգամ՝ տեղի կունենան բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ, կանցկացվեն վարպետության դասեր: Եվ այսպես անիմացիոն ժառանգությունը շատ շուտով հասանելի կլինի բոլորին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031