Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում զրոյական մաքսատուրքերի մասին դրույթ չի լինի

Հոկտեմբեր 21,2015 19:55

Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել: Եվրամիության և Հայաստանի միջև նոր պայմանագրի համաձայնեցման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փորձագետները նշեցին, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս բանակցություններից ու նոր համաձայնագրից: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց. «Խոսքը նոր իրավական փաստաթղթի մասին է, որի շուրջ պետք է բանակցվի և այն ստորագրվի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև»: Պարոն Մելքոնյանը հավաստիացրեց, որ 28 ուղղություններով համագործակցություն է լինելու ու չկա տնտեսական որևէ ոլորտ, որը ենթակա է դուրս մղման, սակայն դուրս է մնալու տարիֆային մասը: Այս առիթով Գարեգին Մելքոնյանը պարզաբանեց. «Ազատ առևտրի համաձայնագիրը  փոխադարձ զրոյական մաքսատուրքերի կիրառում էր նախատեսում, ինչը հնարավոր չի լինելու կիրառել այս համաձայնագրում»:

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի գնահատականներն այս հարցի վերաբերյալ վատատեսական են: Նա նկատեց. «ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մեր սահմանների վիճակը ավելի վատացավ, տնտեսական վիճակն ավելի վատացավ: Քաղաքական իմաստով մենք գիտակցված ընտրություն չէինք արել, եղել է ճնշման տակ քաղաքական որոշում, մի քանի, նույնիսկ մեկ մարդու որոշում»:

Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը խոսեց տարիֆների հարցում ՀՀ-ի սահմանափակումների մասին. «ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ սահմանափակեց իր ինքնիշխանությունը տնտեսական ոլորտում և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հարցում: Մասնավորապես տարիֆների սահմանման հարցում ՀՀ-ն ունի սահմանափակ ինքնիշխանություն, քանի որ դա վերապահված է ԵԱՏՄ-ին՝ սահմանելու միասնական տարիֆ»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը նկատեց, որ այս քննարկումը ևս մեկ անգամ փաստեց, որ Եվրասիական միությանն անդամակցելու ընտրությունը բացարձակապես քաղաքական էր. «ՀՀ-ն և′ քաղաքական, և′ տնտեսական առումով մնում է ԵԱՏՄ-ում՝ Ռուսաստանի ազդեցության գոտում, և որևէ նախադրյալ չի երևում հիմա, որ ՀՀ-ն հնարավոր է դուրս գա ՌԴ ազդեցության գոտուց: Այս առումով չեմ կարծում, թե լուրջ փոփոխություններ կլինեն: Տեսնում եք, որ Իրանի առանձին նախագծերի վերաբերյալ տարբեր բանակցություններ են ընթանում, բայց ոչինչ տեղից չի շարժվում. պատճառն այն է, որ ռուսական կողմից չկա թույլտվություն»: Միևնույն ժամանակ Աղասի Ենոքյանը հայտարարեց, թե այդուհանդերձ այս մանդատի նշանակությունը չպետք է թերագնահատել ու ենթադրություն հայտնեց, որ բանակցությունները երկար կտևեն: Հարցին՝ շարքային քաղաքացին ինչպե՞ս է զգալու այս բանակցությունների և համաձայնագրի ստորագրման դրական կողմերը, պարոն Մելքոնյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց ու նշեց. «Բանակցությունները դեռ ավարտված չեն, հստակ որոշում հրապարակել չեմ կարող, կոռեկտ էլ չէ մեր բանակցությունների հետ կապված դրույթները հրապարակել»:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031