Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Միշա Սարդարյանին՝ կատարված աշխատանքի համար, Անուբաղ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք:
Մնացական Բիչախչյանը հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ վստահությունն արդարացնելու և առաջադրված բոլոր խնդիրները կատարելու համար:
Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների հետ քննարկվեց նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը:
Կարդացեք նաև
Անուբաղ Համբարյանը Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց ի կատարումն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի՝ ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ:
ՀՀ Ոստիկանություն