Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին։
Ողջունելով հյուրին եւ մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպության հետ և ամենայն աջակցություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամերի կանխմանն ուղղված նրա ջանքերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալը ներկայացրեց տարածաշրջան իր այցելության նպատակն ու արդյունքները, Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորությունները։ Նա նշեց, որ կազմակերպությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր չեզոք մարդասիրական առաքելությանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նախաձեռնություններին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ մերժելով միջնորդների առաջարկները՝ Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը։
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց ԿԽՄԿ գործունեությունը հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց. «Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը և դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու և շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի և անհայտ կորածների նկատմամբ»:
ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրենը բարձր գնահատեց անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում Հայաստանի կառուցողական համագործակցությունը։
ՀՀ ԱԳՆ