Սամվել Հովհաննիսյան համարում է, որ դատարանը կաշառված է
«Թո՛ղ հանեին պարգեւատրում տային»,- «Վերնիսաժի գործով» դատավճռի հրապարակումից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանի բակում իր դժգոհությունն արտահայտեց Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման:
«Հիմա դատելը կտեսնենք, թե ոնց է լինելու. Խմբակային դատվելու են հա՛մ մեքենայի համար, որ գողացել են, հա՛մ դատվելու են կրակողները, երեք-չորս հոգով բոլորը պատասխան են տալու: Ես ասում եմ այստեղ: Կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ ուրիշ ձեւ, ոչ մի խնդիր չկա: Գործը բեկման եմ տալիս քանդում եմ»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ դատարանի վճիռը բողոքարկելու է. «Լրիվ պատասխան են տալու, փաստերը, ամեն ինչ ունեմ, դիսկերով, ձայնագրություններով ամեն ինչ ունեմ»:
Սամվել Հովհաննիսյանը գիտի, թե ովքեր են մեքենան առեւանգողները, նա հայտարարեց, որ փաստերով ներկայացնելու է: Նա ասաց, որ «Վերնիսաժի գործը» վաղվանից քանդելու է. «Մեքենան թաքցրեցին, դատախազն ու քննիչը տարան պահեցին, պատասխան են տալու լրիվ»։
Վալերիկ Հովհաննիսյանի հայրը համարում է, որ դատարանը կաշառված է. «Իսկ թե ո՞վ է կաշառել, դուք ինձնից լավ գիտեք։ Դուք լավ գիտեք՝ ով որ այս գործի մեջ է կաշառողը։ Վերեւից մինչեւ վար կաշառված են, ու այս կաշառքն իմ մոտ չի անցնում»։
Սամվել Հովհաննիսյանը Գոռ Առաքելյանի պատիժը մեղմ է համարում. «Ասում եմ նորից՝ թո՛ղ պարգեւատրում տային, դա քիչ էր, պարգեւատրումն ավելի խելացի կլիներ։ Ոնց որ Ռամիլ Սաֆարովին պարգեւատրեցին, այ այդպես թո՛ղ պարգեւատրեին։ Ի՞նչ մեղմ, ի՞նչ էր որ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ