Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարները
Հոկտեմբերի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին` էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ՀՀ և ԳԴՀ միջև ձևավորված են լավ հարաբերություններ, իսկ Գերմանիայի կառավարությունը մշտապես աջակցում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը:
Մաթիաս Քիսլերը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպանը խնդրել է ներկայացնել համագործակցության համար առաջարկվող ոլորտները:
Կարդացեք նաև
Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների տարբեր ձևաչափով ներգրավման հնարավորությունը ներկայումս իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի խոշոր ծրագրերում, ինչպիսիք են` Իրան-Հայաստան երկաթգծի, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը և էներգետիկայի բնագավառի այլ ծրագրեր:
Նախարարն առաջարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել ոլորտային գործարար համաժողովներ:
Մաթիաս Քիսլերը հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ նախատեսվող բանակցությունների ընթացքով: Կարեն Ճշմարիտյանը ասել է, որ Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, հաշվի առնելով ԵԱՏՄ և ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն