ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը եւ բարեկամական խմբի անդամներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լեւոն Զուրաբյանն ու Թեւան Պողոսյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի Հայաստանի մասով պատասխանատու Թեոդոր Մեսսիի հետ:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը տարբեր ոլորտներում: Նա նշել է, որ արդյունավետ համագործակցություն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հայկական կողմի մոտեցումները:
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները, կարեւորելով ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունները, ներկայացրել են նաեւ այլ հարցեր: Նրանք մասնավորապես անդրադարձել են սահմանադրական փոփոխություններին, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցությանն ու ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը: Պատգամավորները խոսել են նաեւ հայ երիտասարդներին կրթական տարբեր ծրագրերում ընդգրկելու եւ նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին:
Թեոդոր Մեսսին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարեւորել է հնչած բոլոր կարծիքները եւ նշել, որ առաջադրված խնդիրների լուծումները կարող են ավելի ամրապնդել բարեկամական խմբերի հարաբերությունները:
Կարդացեք նաև
Ամփոփելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի Հայաստանի մասով պատասխանատուի հետ հանդիպումը` ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հանդիպումները կկրեն պարբերական բնույթ եւ կլինեն առավել արդյունավետ:
ՀՀ Ազգային ժողով