Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիր: Ծեսերի էությունը երեխաներին մատուցվում է մանկական մտածողությանը բնորոշ տարրերով, համապատասխան խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով:
Այս անգամ Կենտրոնի մանկապարտեզների սաները Երևանի Սբ Կաթողիկե և Սբ Աննա եկեղեցիների բակում մասնակցել են Բերքի տոնին: Միջոցառումը օրհնանքի խոսքով սկսել է եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվել են ավանդապատումներ` հնում հայերի կողմից տոնի անցկացման մասին:
Ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը հայեցի հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ էին ստեղծել: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով նշել է, որ նման միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Արա Սադոյանը վստահեցրել է, որ նման նախաձեռնությունները Կենտրոն վարչական շրջանում շարունակական բնույթ կկրեն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն