Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ արվեստագետներն իրենց ստեղծագործություններում հոգի են դնում». Միձուե Տակագի

Հոկտեմբեր 21,2015 17:45

Հայ և ճապոնացի ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունները հոկտեմբերի 22-ից 30-ը կցուցադրվեն Երևանում:

«էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պատմության թանգարանում հոկտեմբերի 22-ին և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հոկտեմբերի 23-ին կբացվեն «Ավանդույթից արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսները (սկիզբը՝ ժամը 16:00-ին):

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Էյբիք» կազմակերպության տնօրեն Վարդիթեր Հարությունյանը:

«Էյբիք» կազմակերպությունը, 2006 թվականից համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ, Հայաստանում և Ճապոնիայում կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ:

Համագործակցության նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել ճապոնական, իսկ ճապոնացիներին՝ հայ ժամանակակից արվեստին:

Վարդիթեր Հարությունյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտին նմանատիպ ցուցահանդես բացվել է նաև Ճապոնիայում: Ցուցահանդեսին մասնակցող 122 արվեստագետներից 20-ը հայեր են եղել:

Երևանյան ցուցահանդեսներին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետներ:

«Ընտրել ենք այնպիսի գործեր, որոնց միջոցով հայ արվեստասերը կարող է ծանոթանալ ճապոնական արվեստին, ավանդույթներին, նաև ժամանակակից արվեստին: Մեր արվեստագետները երբեմն նոր գործեր են ստեղծում հենց Հայաստանում ցուցադրելու համար»,- ասաց Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի տնօրեն Մակի Միկիկոն:

Ճապոնացի նկարչուհի Միձուե Տակագին, որը երկրորդ անգամ է Հայաստանում, ասաց, որ չորս աշխատանք է ներկայացնելու ցուցահանդեսում: Դրանցից մեկը կոչվում է «Շարժում». «Մոր արգանդում գտնվող երեխայի շարժի մասին է խոսքը,- հստակեցրեց նկարչուհին,- այն էներգիա է փոխանցում: Իմ ստեղծագործության համար հիմնականում ընտրում եմ մարդուն և փորձում եմ ներկայացնել այն, ինչն աչքով տեսանելի չէ»:

Նրա խոսքով, ճապոնական արվեստը շատ է տարբերվում հայկականից. «Ճապոնիայում հիմա անիմացիոն նկարչությունն է զարգանում, իսկ Հայաստանում արվեստագետներն իրենց ստեղծագործություններում հոգի են դնում: Իհարկե, անիմացիայի վրա էլ են մարդիկ շատ չարչարվում, բայց այդ ամենն արվում է համակարգչի միջոցով. մեջը հոգի չկա: Ես հենց դրա համար եմ սիրում հայկական արվեստը, որտեղ ամեն ինչ ձեռքով է պատրաստվում, մարդիկ հոգի են դնում իրենց աշխատանքներում»,- ասաց Միձուե Տակագին:

Նրա համար հայ արվեստագետներից ոգեշնչման, էներգիայի աղբյուր են Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները: Սակայն իր երկրում, ճապոնացի նկարչուհու խոսքով, հայ արվեստագետներին գրեթե չեն ճանաչում:

Նկարիչ, հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանն էլ գտնում է, որ հայ արվեստագետները մեկուսացած են. «Կարելի է նույնիսկ ասել, որ առհասարակ տեղյակ չեն, թե ինչ վերափոխումներ են տեղի ունենում աշխարհում, որովհետև մեր երկրում շատ քիչ են հրավիրվում միջազգային ցուցահանդեսներ, մերոնք էլ շատ չեն դուրս գնում: Արվեստ հասկացության հայաստանյան ընկալումը սարսափելի կարծրացումներ ունի: Արվեստ ասելով՝ միանգամից նկար ու քանդակ են պատկերացնում: Բայց արվեստն այլևս միայն նկարն ու քանդակը չէ: Այսօր աշխարհում այնպիսի ձևաչափեր են համարվում արվեստ, որոնք մեր երկրում այդպիսին կոչվելու պատրաստվածությունը դեռևս չունեն: Եվ երբ օտարազգի արվեստագետները գալիս են Հայաստան՝ իրենց արվեստը ներկայացնելու, միշտ մեր մեջ նույն հարցն է ծագում՝ սա արվեստ է, թե ոչ: Հենց այս հարցն էլ ցույց է տալիս, թե ինչքան է կարծրացած արվեստ հասկացությունը մեր մեջ և ինչքան պետք է մեզ վրա աշխատենք ու փորձենք դուրս գալ համաշխարհային ասպարեզ, որ հասկանանք՝ ինչ է նշանակում «արվեստ» բառն առհասարակ»,- ասաց Արա Հայթայանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031