Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացողների թվում են մանկավարժներ Սվետա Աբրահամյանը, Նարինե Մելքոնյանը, Մարտուն Էլբակյանը:
ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը աշխատանքային այցով գտնվելով Նիդերլանդներում հոկտեմբերի 17–ին Նիդերլանդների Թագավորության ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներին, խոսել նախարարության ծրագրերից, պարգևներ հանձնել հայապահպանության գործում առավել աչքի ընկած կազմակերպություններին, անհատներին:
Ի թիվս մյուսների’ պարգևատրվածների թվում «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպության նախագահ Մարտուն Էլբակյանն արժանացավ «Մայրենիի դեսպան» մեդալին: «Նիդերլանդական օրագիր»-ը հարցազրույց ունեցավ պարոն Էլբակյանի հետ, որն էլ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
Կարդացեք նաև
– Դուք նախագահում եք «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպությունը և միաժամանակ ղեկավարում նույն կազմակերպության բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցը և մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայազգի և իրենց հայ համարող մարդկանց հայերենի բազայի վրա սովորեցնում են հոլանդերեն: Պարոն Էլբակյան պատմեք Ձեր գործունեության մասին:
– «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին և գործում է արդեն շուրջ երեք տարի: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է կրթական հարցերով, կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված հիշարժան թվերին, տարելիցներին և տոներին:
Կրթական համակարգը հիմնականում բաղկացած է երկու մասերից՝ բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցն է և մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայերենի բազայի վրա սովորեցնում են հոլանդերեն:
Այս դպրոցներն էլ ունեն իրենց խմբերը. բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան դպրոցում գործում է երկու խումբ՝ այբբենարանի խումբ և մայրենի դասընթացի ուսուցման խումբ: Մեծահասակների հայ-հոլանդական դպրոցը, որտեղ հայերենի բազայի վրա սովորում են հոլանդերեն, նույնպես բաղկացած է երկու խմբերից՝ մեծահասակ-տարեցների, ովքեր ցանկանում են գրագետ ձևով խոսել և գրել հոլանդերեն, դրանով նրանք հնարավորություն են ստանում ավելի ազատ և անկաշկանդ շփվել իրենց շրջապատող հասարակության հետ: Եվ երիտասարդների խումբ, որտեղ նույնպես հայերենի բազայի վրա սովորում են հոլանդերեն: Սակայն այս խմբում սովորողների հիմնական նպատակն է՝ քաղաքացիություն ստանալու քննություններին և պետական քննություններին նախապատրաստվելը:
Բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցը մյուս տարի կտոնի իր տասնամյա տարելիցը: Իսկ մեծահասակների դպրոցն այս տարի սկսեց իր վեցերորդ ուսումնական տարին:
– Լավագույն ուսման վարպետների հետ, կարծեմ, հանդիպում էր կազմակերպել Նիդերլանդների թագավորը, ով և զրուցել է Ձեզ հետ: Հետաքրքիր են մանրամասները:
– Այդ հանդիպման արարողությունը կազմակերպվել էր բնակարանային կորպորացիաների կողմից, որոնք նշում էին իրենց 100-ամյա հոբելյանը: Իմ բնակարանային կորպորացիան երկու բնակչի էր հրավիրել մասնակցելու այդ հոբելյանին, որոնցից մեկը ես էի: Եվ պատիվ ունեցա մի քանի հոգու հետ միասին հանդիպել Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի հետ: Զրույցին անդրադարձել են նաև հոլանդացի թղթակիցները: Համաձայն թագավորի հետ հանդիպումների պրոտոկոլի՝ հանդիպման ոչ բոլոր մանրամասնություններն է թույլատրվում տարածման արժանացնել: Սակայն այդտեղ չկար ոչ մի գաղտնիք: Այդ մասին ես արդեն պատմել եմ Ձեզ: Ես հպարտ եմ, որ արքան մտահոգված է իր բնակիչների հոգսերով: Զրույցի ընթացքում նշեցի նաև իմ գործունեության և հայ լինելու մասին:
– Պարոն Էլբակյան, քիչ առաջ մենք միասին գտնվում էինք ՀՀ դեսպանության կողմից հրավիրված ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ կազմակերպված հանդիպմանը: Ում կողմից մի քանի մանկավարժների թվում նաև Դուք պարգևատրվեցիք «Մայրենիի դեսպան» մեդալով, որին պատկերված է հայերի գրեր ստեղծող Մեսրոպ Մաշտոցը: «Նիդերլանդական օրագիր»-ն այդ կապակցությամբ ջերմորեն շնորհավորում է նաև Ձեզ և մյուսներին, ովքեր արժանացել են նման պատվի: Ի’նչ զգացողություն ունեք:
– Գիտեք, սա մեծ պատիվ էր: Մեծ պատիվ, որովհետև տարիներ շարունակ բնակվելով սփյուռքում կարողացել ես անաղարտ պահել մայրենի լեզուն և ոչ միայն անաղարտ պահել, այլ նաև փոխանցել մատաղ սերնդին, դրա հետ միասին զբաղվելով նաև հայեցի դաստիարակության հարցերով: Եվ այդ գործընթացը գնահատվել է Մայր հայրենիքի կողմից: Ես բարձր եմ գնահատում այս մեդալին արժանանալը: Դա ՀՀ կառավարության, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և առավելապես սփյուռքի նախարարության ուշադրությունն է: Եվ գնահատանքի է արժանի այն բանի համար, որ ուշադրության կենտրոնում է պահվում սփյուռքում ապրող հայրենակիցների գործունեությունը: Որի համար էլ ես իմ շնորհակալական խոսքն եմ հղել սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին:
– Հիմա մի փոքր պրովոկացիան հարց: Դուք արժանացել եք Նիդերլանդների լավագույն «Ուսման վարպետ» կոչմանը և Հայաստանի կողմից «Մայրենիի դեսպան» մեդալին: Ո՞րն եք ավել թանկ գնահատում:
– Գիտեք, երկուսն էլ անհամեմատելի են: Երկուսն էլ թանկ են: Երբ Մայր հայրենիքն է գնահատական տալիս, այն արթնացնում է մի այլ զգացում, իսկ Եվրոմիության մեջ եվրոպական կրթական համակարգերի կողմից կոչման արժանանալն այլ որակավորման գնահատական է: Իսկ մեր ազգի սուրբ Մեսրոպ Մաշտոցի նկարով և նրա կողմից ստեղծված տառերով զարդարված «Մայրենիի դեսպան» մեդալը, որն ես անձամբ ստացել են նախարարից, կրում եմ իմ սրտի մոտ:
«Նիդերլանդական օրագիր»