Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Ուզում եմ հասկանալ, ո՞րն է իմ մեղքը, որ այդ հրաշք արծիվները զոհվել են»

Հոկտեմբեր 21,2015 16:28

Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մոր` Իրինա Ղազարյանի մտահոգությունները: Մեզ հետ զրույցում տիկին Ղազարյանը նաև անդրադարձ էր կատարել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին` նշելով, թե նա սուտ է խոսել` ասելով, որ որդեկորույս մայրերի հետ հանդիպել է, քանի որ նման բան չի եղել: Նաև տիկին Իրինան Շուշան Պետրոսյանի հասցեին ասել էր հետևյալը. «Շուշան Պետրոսյանը ստախոս է: Մի՞թե նա երեխա չունի, ի վերջո երկու տղա է մեծացնում, բայց գիտի, որ իր երեխաները, ինչպես նաև մի քանի օլիգարխների երեխաներ, չեն գնալու ծառայելու»:

Aravot.am-ը նշված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստացավ Շուշան Պետրոսյանից: Նա ասաց, որ իրեն ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն է խնդրել հանդիպել այդ կանանց հետ, քանի որ նրանք հանդիպում էին ունեցել նրա հետ, ու թեև այս պատմությունը շարունակվում է արդեն երեք տարի, ինքը համաձայնել է հանդիպել, բայց որդեկորույս մայրերը չեն համաձայնել ու մանրամասնեց. «Ես այդ ժամանակ սահմանում էի, երբ Հովհաննես Սահակյանը զանգեց ու ասաց, թե կարո՞ղ ես հանդիպել: Ասացի` հանդիպեմ, առաջին զինվորի մայրերը չեն: Բայց չգիտեմ ինչու` հենց այդ կանայք ինձ մեղադրում են, ի՞նչ կարող եմ անել, ես հո իրենց երեխաներին հետ չե՞մ բերի, երանի կարողանայի: Ի՞նչ եմ արել ես զինվորին օգնելուց ու իր կողքին լինելուց բացի: Այդ կանայք ոչ համարժեք վիճակում են: Որդեկորույս մայրեր են, ողբերգություն են տարել, Աստված կարոտ պահի, բայց ես ի՞նչ կարող եմ անել: Ուզում եմ հասկանալ, ո՞րն է իմ մեղքը, որ այդ հրաշք արծիվները զոհվել են»:

Շուշան Պետրոսյանը նշեց, որ հանդիպում չի եղել, քանի որ մայրերը չեն ցանկացել: Այնուհետև պատմեց, որ մայրերից մեկը մի օր զանգել ու իր հասցեին հեռախոսով հայհոյանքներ է հնչեցրել, մեկ անգամ էլ գնացել է Սեյրան Օհանյանի մոտ, այնտեղից էլ նախարարն է զանգել ու հեռախոսը փոխանցել որդեկորույս մորը, պարզվել է նույն կինն է ու նորից նույն բանը:

Մեր այն հիշեցմանը, թե որդեկորույս մայրը պնդում է, թե միևնույն է Շուշան Պետրոսյանի որդիները չեն ծառայելու, երգչուհին արձագանքեց. «Ո՞նց չեն ծառայելու, իմ որդին արդեն անցյալ տարվանից հաշվառման է կանգնած: Տղաս ցանկություն է հայտնել Մարտակերտում ծառայել: Իհարկե, պիտի իմ տղաները ծառայեն, էլ չեմ ասում, որ իմ ծառայությունը կա և այդ մասին պատմություն չի կերտվում, ես համազգեստով չեմ նկարվում, այլ այդ կենսակերպով ապրում եմ»:

Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե կռահում է` ինչից հետո են զոհվածների մայրերն իր վրա սևեռվել ու պատմեց, որ մի անգամ հեռուստահաղորդման ժամանակ պատահաբար Հադրութի օրինակն է բերել, ու հիմա զոհվածների մայրերը Հադրութից են կառչել, քանի որ նրանցից մեկի որդին այնտեղ է զոհվել:

Շուշան Պետրոսյանը եզրափակեց. «Ի՞նչն եմ սուտ խոսել, ինքն ասում է, թե Դուք սուտ եք խոսել, իմ տղան այնտեղ չի զոհվել, իրեն սպանել են: Ախր իմ մեղքը դրանում ո՞րն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Էդ քանի միասեռ զույգ է դիմել ձեզ ամուսնանալու համար, որ դուք էլ կատաղի պայքարում եք: Դա այդքան ակտուալ է Հայաստանում? Օրենքներ ընդունեք, որ բացառեք կոռուպցիան, թալանը, բարելավեք դատական համակարգը, պայքարեք անարդարության դեմ, հնարավոր դրձրեք մարդկանց նորմալ կյանքը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031