Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներին ստիպել են հրաժարվել աշխատավարձերի տույժ-տուգանքներից (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 21,2015 16:11

Գործարանի նախկին աշխատակիցները պնդում են, որ իրենց ստիպել են ստորագրել մի պայմանագիր, որով տույժ-տուգանքների գումարները կարող է մի 3-րդ կազմակերպություն ստանա

Նաիրիտցիները պահանջում են իրենց պայմանագրերը չեղյալ համարել եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: Այսօր այս մասին «Նոյյան տապան» ակումբում ասացին «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը եւ նախկին աշխատակից Զորակ Հովհաննիսյանը: Նրանք պնդում են, որ գործարանի վերագործարկումը հնարավոր է, եւ միջազգային կազմակերպությունների այն գնահատականների հետ, որ «Նաիրիտի» վերագործարկումն աննպատակահարմար է, բանախոսները համամիտ չեն. Անուշ Հարությունյանն ասաց, որ այն ընթացքում, երբ գործարանն աշխատում եւ արտադրանք էր տալիս, այն 100%-ով իրացվում էր ամբողջ աշխարհում, նույնիսկ այն պահին, երբ ԱՄՆ-ում խնդիր կար եւ քլորոպրենային կաուչուկ չէր արտադրվում, «Նաիրիտի» արտադրանքն ԱՄՆ-ում է իրացվել, ընդ որում, «Նաիրիտի» արտադրանքի որակը չի զիջել եվրոպական որակին:

Aravot.am-ի այն հարցին՝ եթե «Նաիրիտ» գործարանի աշխատանքը շահութաբեր կլինի, ինչպես նաիրիտցիներն են պնդում, ապա միթե կառավարության ղեկավարներն այդքանը չե՞ն հասկանում, չե՞ն ուզում մեր երկրում եկամուտ ստեղծող գործարան լինի, գործազուրկների թիվը չավելանա, Հրաչ Թադեւոսյանն ասաց, որ գործարանի կառավարման խնդիր է եղել, այն նորից աշխատեցնելու համար քաղաքական կամք է հարկավոր: Թադեւոսյանի խոսքերով՝ մեր երկրում այսքան օլիգարխներ կան, միթե չկա՞ մեկը, որը «Նաիրիտը» ձեռք կբերի ու կաշխատեցնի. «Պարզապես մերոնք ուզում են շատ արագ եկամուտ ստանալ, ինչը «Նաիրիտը» չի կարող տալ միանգամից: Ես կարծում եմ նոր գնորդի համար «Նաիրիտի» պարտքերը պետք է զրոյացնել»:

Անուշ Հարությունյանն էլ նկատեց, որ գործարանի վերագործարկման համար քաղաքական կամք չկա, եւ խնդիրը ոչ միայն կառավարման հետ է կապված, այլեւ՝ պետության, պետական մոտեցման խնդիր է.«Իմ կարծիքով, ի սկզբանե բոլոր գումարները, որ գալիս էին «Նաիրիտի» հետ կապված, դրանք նախատեսվում էին ոչ «Նաիրիտի» համար, որովհետեւ եթե կառավարությունը պայմանագիր է ստորագրում մի ընկերության հետ, որի կանոնադրական կապիտալը 20 հազար դոլար է, օֆշորում է գրանցված, ի՞նչ վստահությամբ են 70 միլիոն եւ 110 միլիոնի վարկ տալիս: Սրանք կասկածներ են առաջացնում:180 միլիոն դոլարի ծախսը չի երեւում գործարանում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Զորակ Հովհաննիսյանն էլ ասաց, որ երբ ՀՀ վարչապետի հետ մի քանի անգամ հանդիպել են, վերջինս խոստանում էր, որ աշխատավարձի պարտքն ամբողջությամբ մարելու են. «Բայց վերջին պահին, երբ գումարը հատկացվել էր, մարդիկ պիտի ստանային գումարները, ի հայտ եկավ մի պայմանագիր «Նաիրիտ-2» գործարանի հետ, որով պարտադրվեց պարտքի մայր գումարը ստանալ: Աշխատակիցները ստորագրելով պայմանագիրը, իրենց իրավունքները՝ տուժանքների մասով զիջում են «Նաիրիտ-2»- ին, որը պետական ձեռնարկություն է: «Նաիրիտ-2»-ը դատարանի վճռով 5 միլիարդ դրամ էր պարտք «Նաիրիտին»: Աշխատավարձի ստացման պահին կային աշխատակիցներ մոտ 50 անձինք, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ՝ իրենց գումարի տույժ- տուգանքները ստանալու, պարտադրվեց պայմանագիր ստորագրել»:

Հովհաննիսյանի խոսքերով՝ այս պայմանագիրը մարդկանց ստիպել են ստորագրել, նշելով, որ մայր գումարը չեն ստանա, եթե չստորագրեն: Այդ պայմանագիրն, ըստ բանախոսների, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է կազմել, եւ այն նախկին բոլոր աշխատակիցներին ստորագրել են տվել 1 ժամվա ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում

Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդիրը լուծելու համար. «Մենք ոչ թե ասում ենք վերադարձնել մեր տույժ-տուգանքների գումարները, ուղղակի մենք չենք ուզում այդ գումարները զիջել ինչ-որ 3-րդ կառույցին, որը մի օր «Նաիրիտից» կարող է պահանջել մեզ հասանելիք գումարները»:

Ասուլիսի ընթացքում Անուշ Հարությունյանն ու Հրաչ Թադեւոսյանը ընդհանուր հայտարարի չեկան, նրանք թեթեւ բանավիճեցին՝ արդյոք ստիպել են նաիրիտցիներին ստորագրել խախտումներով պայմանագիրը, թե՝ ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք չեն ուզում իրենց իրավունքները զիջել «Նաիրիտ-2»-ին, որը կարող է մի օր «Նաիրիտ» գործարանից պահանջել այդ տույժ-տուգանքների գումարները: Ըստ Հարությունյանի, ըստ էության, հենց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջոցով էլ նաիրիտցիներին ստիպել են ստորագրել, իրենց բնորոշմամբ՝ ստրկացուցիչ պայմանագիրը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031