Լրահոս
Օրվա լրահոսը

 Հանրային գնումների համակարգի օրենսդրական և իրավակիրարկման ոլորտներում բացակայում է էական առաջընթացը

Հոկտեմբեր 21,2015 15:38

20-ը հոկտեմբերի, 2015թ: Այսօր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռոպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած փակ քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի պետական գնումների համակարգի 2014-2015թթ. մոնիտորինգի արդյունքները: Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի բացման խոսքերից հետո զեկույցի հեղինակ` գնումների քաղաքականության գծով ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանը, քննարկմանը հրավիրված պետական շահագրգիռ հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրեց հետազոտության ամփոփ արդյունքները և արված հիմնական հետևությունները:

ԹԻՀԿ զեկույցը, հանդիսանալով 2011-2013թթ. ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգի տրամաբանական շարունակությունը, արձանագրում է, որ չնայած 2014-2015թթ. տեղի են ունեցել մի շարք դրական, փոփոխություններ, հիմնականում ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական որոշ իրավական ակտերի բարելավման տեսքով (որոնցում մասամբ արտացոլված են նաև ԹԻՀԿ-ի կողմից նախկինում արված առաջարկությունները), սակայն էական համակարգային բարելավումներ չեն նկատվել, իսկ մի շարք առանցքային առաջարկներ մնացել են անարձագանք:

Մոնիտորինգի արդյունքներից երևում է, որ փաստացի չեն գործում Գնումների մասին օրենքի (ԳՄՕ) մի շարք դրույթներ և պահանջներ, մասնավորապես,

•             Չի վերահսկվում միևնույն անձի կամ ավելի քան 50% միևնույն անձին պատկանող կազմակերպությունների` գնման միևնույն գործընթացին, միաժամանակյա մասնակցության արգելքը:

•             Պատշաճորեն չի իրականացվում օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների հրապարակումը:

•             Չեն վերահսկվում օրենքով սահմանված պահանջները շահերի բախման և դրանց հայտարարագրման մասին:

•             Օրենսդրական պահանջների ձևակերպումների` բազմիցս հանդիպող երկիմաստությունը հնարավորություն է տալիս խուսափել դրանք կատարելուց և այլն:

Զեկույցն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պետական գնումների ոլորտում բողոքարկման համակարգի գործունեությանը: Նշելով հանդերձ, որ ԹԻՀԿ առաջարկությունների արդյունքում այս ուղղությամբ նկատվում են որոշ բարելավումներ (բողոքների քննության նիստերի առցանց հեռարձակում, որն իր նախադեպը չունի աշխարհում, թեժ գծի առկայություն և այլն)` զեկույցը մատնացույց է անում գոյություն ունեցող մի շարք էական բացթողումներ: Մասնավորապես, բողոքների քննության վերաբերյալ Բողոքարկման խորհրդի (ԲԽ) բոլոր որոշումներն ամբողջությամբ կրկնում են Գնումների աջակցման կենտրոնի դիրքորոշումը: ԲԽ ցանկում ընդգրկված 72 անդամներից 31-ը երբևէ չի ընդգրկվել բողոքների քննության գործընթացներում, այն դեպքում, երբ բողոքը քննող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԲԽ ցուցակում չներառված մասնակիցներ:

Մոնիտորինգի մյուս կարևոր ուղղությունը մեկ անձից կատարվող գնման գործընթացներն էին: Անդրադառնալով մեկ անձից կատարվող գնումներին` ԹԻՀԿ-ը բացահայտել է մի շարք կոռուպցիոն ռիսկեր` կապված, օրինակ, Միկշին և Միկմետալ ընկերությունների հետ: Կան բազմաթիվ փաստեր, որ մեկ անձից կատարվող գնումները շատ հաճախ շուկայական գներից բարձր են: Նկատելի է որոշ պատվիրատուների կողմից որոշ մասնակիցներին (ընկերություններին) նախապատվություն տալը և նրանց հետ պարբերաբար մեկ անձի հիմքով գնումների իրականացումը:

Մոնիտորինգի երրորդ ուղղությունը հանդիսանում էր շրջանակային համաձայնագրերի (ՇՀ) մոնիտորինգը: Վեր հանված հիմնական հիմնախնդիրներն են խիստ և էլ ավելի աճելու միտում ունեցող կենտրոնացվածությունը թե՛ պատվիրատուների, և թե՛ հաղթողների առումով (երբ տվյալ պատվիրատուն «նախընտրում է» գործ ունենալ մեկ որոշակի ընկերության հետ), ՇՀ ամսեկան հաշվետվությունների` կայքում տեղադրման ժամկետների և կարգի օրենսդրորեն չկարգավորված լինելը և այլն:

Զեկույցում դիտարկված են նաև պետական գնումների համակարգի մի շարք այլ ասպեկտներ: Այն հասարակությանը հասանելի կլինի 2015թ. նոյեմբերի սկզբին երկլեզու` հայերեն և անգլերեն տարբերակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031