Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարդան Պետրոսյանն ասում էր` ուզում էիք նստեմ, նստեցի, ուզում էիք փող տամ, տվեցի, ուզում եք բողոքեք, բողոքեք, ի՞նչ եք ուզում»

Հոկտեմբեր 21,2015 15:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։ Տուժող Տաթևիկ Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց, որպեսզի գործը քննվի դռնփակ նիստով`պատճառաբանելով, որ կա Տաթևիկ Հակոբյանի առողջության անձեռնմխելիության հարց և առողջական վիճակի հետ կապված մանրամասներ, որոնք նպատակահարմար չէ դարձնել հանրության քննարկման առարկա:

Դատարանն այս մասին այդպես էլ որոշում չհայտնեց, քանի որ երրորդ կողմի` «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մուղդուսյանի հայտարարություններից հետո, Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, և քանի որ տուժող կողմը դիմում չի ներկայացրել ապահովագրական ընկերություն, ժամանակ տալ նրանց դիմելու, ստանալ պատասխան, ու գուցե դատական գործի ընթացքը դրան չհասնի էլ:

Տաթևիկ Հակոբյանի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանը հայտարարեց, որ իրենք դիմել են «Ռեսո» և առարկեց միջնորդությունը: Նա հղում կատարեց օրենսդրությանը` նշելով, եթե առկա է քաղաքացիական հարցով վեճ, ապա ապահովագրական ընկերությունը չի կարող գումար փոխհատուցել:

«Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մուղդուսյանը այս առիթով ասաց. «Մենք ունենք դատավճիռ և դրա հիման վրա բուժման ծախսերը ապահովագրական ընկերությունը պարտավոր է վճարել: Արդեն իսկ վճարված է մեկուկես միլիոն դրամ: Թող կողմը օրենքով նախատեսված կարգով դիմի ապահովագրական ընկերություն, կամ կմերժվի, կամ` ոչ»:

Դատարանը հետաձգեց նիստը` պատճառաբանությամբ, որ կան չպարզաբանված հարցեր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին ժամը` 11.30-ին:

Նիստից հետո Տիգրան Մուղդուսյանը պնդեց, որ տուժող կողմը իրենց ընդամենը գրությամբ է դիմել տեղեկություն ստանալու համար: Ռուբեն Բալոյանը պնդում էր, որ իրենք դիմել են գումար ստանալու պահանջով ու մերժում ստացել: Սակայն Aravot.am-ի խնդրանքին ի պատասխան, թե ներկայացրեք մերժման որոշումը, պարոն Բալոյանը այդպես էլ չկարողացավ այն ցույց տալ: Հետաքրքրվեցինք` մեկ անգամ ևս դիմելու՞ են ապահովագրական ընկերություն, պարոն Բալոյանը պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով դիմել ենք դատարան, էլ ապահովագրական չենք դիմելու, դատարանը կորոշի, ԱՊՊԱ-ն էլ կտա»:

Հետաքրքրվեցինք` փոխհատուցում եղե՞լ է, քանի որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը պնդում էր, որ եղել է, պարոն Բալոյանը պատասխանեց. «Մեր հայցում ներկայացված ծախսերի փոխհատուցում չենք ստացել: Ապահովագրականը մի մասն է տվել: Մենք ասել ենք, որ հետագա բուժման կարիք կա, ու իրենք մեզ մերժել են»:

Պարոն Բալոյանին հիշեցրինք, թե Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչը պնդում է, որ իրենք պատրաստ են վճարել այն գումարը, որը չի վճարի ԱՊՊԱ-ն: Նա պատասխանեց. «Պատրաստ որ լինեին, կթողնեի՞ն, որ դատարանի դուռը հասնեինք»:

Aravot.am-ը պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեց ` գուցե հիմնավո՞ր են տուժող կողմի այն պատճառաբանությունները, թե եթե Վարդան Պետրոսյանը պատրաստ էր վճարել ծախսերը, գոնե մեկ անգամ թող հայտարարեր դատարանում այդ մասին, ինչը չի արել, պարոն Բաղդասարյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ չունեն վստահություն: Գրավոր պայմանագիր է ներկայացվել, որ որքան էլ կազմի բուժման ծախսը, այդքան էլ կվճարի: Նման գրավոր պայմանագիրն արդեն իրենց համար երաշխիք էր»:

Մեր հարցին` այդ դեպքում ի՞նչ է ուզում տուժող կողմը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը Վարդան Պետրոսյանը չստացավ ամբողջ երկու տարվա մեջ: Նա ասում էր` ուզում էիք նստեմ, նստեցի, ուզում էիք փող տամ, տվեցի, ուզում եք բողոքեք, բողոքեք մինչև վերջ, ի՞նչ եք ուզում»:

Պարոն Բաղդասարյանը պնդեց, որ տուժող կողմը ապահովագրական ընկերությանը դիմել է լրիվ այլ հիմքով: Ուստի եթե այս կերպ շարունակեն, ապահովագրական ընկերությանը դիմելու եռամսյա ժամկետը կլրանա, ու ոչ ապահովագրականը, ոչ Վարդան Պետրոսյանը պարտավորված չեն լինի այդ գումարները վճարելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031