Չնայած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, իշխանությունների նախաձեռնություններին մշտապես դեմ քվեարկող Շիրակի մարզում «Այո»-ի շտաբը դեռեւս վերջնականապես ձեւավորված չէ :
Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ո՞վ կլինի «Այո»-ի շտաբի պատասխանատուն՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյա՞նը, թե՞ այն կվստահվի սահմանադրական փոփոխությունների թունդ կողմնակից Դաշնակցությանը, այսինքն` Շիրակի մարզում «Այո»-ն կգլխավորի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Ի պատասխան մեր հարցի, ՀՀԿ կառույցի պատասխանատուն ասաց, որ շտաբը դեռ կազմավորման փուլում է, իսկ ՀՅԴ-ն բնականաբար ակտիվորեն ընդգրկված կլինի շտաբի աշխատանքներում, սակայն շտաբի պատասխանատուն դաշնակցական չի լինի:
Իսկ կոնկրետ Գյումրիում ո՞վ կգլխավորի «Այո»-ի շտաբը. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկություն էր հայտնել այն գլխավորելու, մեր հարցին ի պատասխան Սահակ Մինասյանը կրկնեց, որ աշխատանքները դեռ կազմավորման փուլում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ