Ինչպես կառավարել երկիրը մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները: Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քննարկման ժամանակ այս հարցի շուրջ իրենց ճակատի ծրագրերը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ «Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետ նշանակեցին, որպես վարչապետ, անելիք չունի, ոչ աշխատավարձ պիտի բարձրացնի, ոչ նպաստ,, ոչ էլ թոշակ, մարդը անելիք չունի, մի բանով պիտի զբաղվի, չէ՞»:
Մինչեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, պարոն Մարտիրոսյանի խոսքերով, ժողովրդի վստահության անցումային կառավարությունը պետք է կարողանա երկիրը պահել կայուն վիճակում: Այստեղ առաջնահերթ խնդիր է դրվում ուժային կառույցների եւ հատկապես պաշտպանության ոլորտի կայունությունը. «Կայունության ընթացքը ենթադրում է, որ որեւէ փոփոխություն չի լինելու ոչ հարկային, ոչ մաքսային մարմիններում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան աշխատել այն կանոնակարգերով, ինչ աշխատել են մինչ այդ: Հետագայում համակարգային փոփոխություններ կլինեն ամբողջությամբ: Լինելու է նոր արտահերթ ընտրությունների նախապատրաստումը: Տարիներ շարունակ, չունենալով ընտրված իշխանություն, ազատ մրցակցային դաշտ, օրենքներով շարժվող իրավական համակարգ, այս ամենը բերել է նրան, որ ունենք միաշաղախված իշխանություն, որն ունի հանցավոր կապեր՝ կապակցված միմյանց հետ: Ամբողջ Արեւմտյան Հայաստանը այսօր խոսում է ՀՀ կոռուպցիոն համակարգի մասին: Մենք խնդիր ենք ունենալու այդ համակարգը զերծ պահել ընտրություններից: Եթե ինչ-որ ձեւով այդ համակարգը մասնակցի ընտրություններին, այն ռեսուրսները, որ այս տարիներին կենտրոնացրել է իր ձեռքում, նորից օգտագործելու է դրանք: Նոր ձեւավորված արդար դատարաններն իրենք կորոշեն յուրաքանչյուրի հանցավորության աստիճանները»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, մամուլում քննարկվում է, որ ընդդիմությունը տարանջատված է, բայց բարեբախտաբար, այս անգամ չկա այդպիսի բան: Այս պահի դրությամբ, ըստ նրա, ոչ-ի երկու թեւ կա: Նա ողջունեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին եւ ՀԺԿ փոխնախագահին, որոնք մասնակցում էին քննարկմանը:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը նույնպես ողջունեց ՀԱԿ-ի ոչ-ի ճակատը, ասելով, որ այդ երկու ճակատներն, ըստ էության, մեկ են. «Մենք պետք է անհնազանդություն հայտնենք եւ ապացուցենք, որ մենք այդ փոքրիկ մարդկանցից չենք վախենում: Եկել է մեծ մարդկանց ժամանակը, հայ ժողովրդի շահը առաջ են մղելու ոչ թե փողով մեծ մարդիկ, այլ իրոք մեծերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ