Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը՝ ԻՊ-ին միացած հայի եւ սիրիահայ համայնքի վերջին հույսի մասին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 21,2015 14:41

«Մերձավոր Արեւելքում ցեղասպանություն է իրականացվում: ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն մոտ 2 միլիոն մարդ է զոհվել, 20 միլիոն բնակիչ դարձել է փախստական, մինչդեռ միջազգային հանրությունն այդ փաստին հանգիստ է վերաբերվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ խոսելով մերձավորարեւելյան հակամարտության հետեւանքների մասին:

Սիրիայում եւ Իրաքում, ինչպես Գագիկ Հարությունյանը բնորոշեց, բոլորը պայքարում են բոլորի դեմ: Մասնավորապես Սիրիայում մի կողմից նախագահ Բաշար Ասադի զորքերը կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ընդդիմության ճյուղերի դեմ, մյուս կողմից՝ լարված են սիրիական կառավարության եւ քրդերի հարաբերությունները, որոնք իրենց հերթին պայքարում են ԻՊ-ի հետ:

«Այդ ամենին ակտիվ մասնակցում է Թուրքիան, որը սնում է ԻՊ զինյալներին՝ միաժամանակ պայքարում քրդերի դեմ: Գաղտնիք չէ, որ մեծ է նաեւ ԱՄՆ-ի դերը: Սենատում հնչեց, որ ԱՄՆ-ն 500 միլիոն դոլար է ծախսել՝ սիրիական ընդդիմությանը զինելու համար, միաժամանակ փաստեցին, որ զենքի եւ զինամթերքի վերածված այդ գումարն անցել է ԻՊ-ի զինյալների ձեռքը: Սիրիան եւ Իրաքը ենթակա են մասնատման, նոր պետություններ պետք է ստեղծվեն»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը՝ նա նշեց, որ այդ երկրի մուտքը Մերձավոր Արեւելք բնական է. «Իսկ ինչու մինչ այդ մուտք չէր գործում, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարությունն ամեն ինչ լավ կշռադատում է՝ ի տարբերություն նախկին՝ սովետական ղեկավարության: Մերձավոր Արեւելք մտնելու համաձայնություններ ձեռք բերվեցին ոչ միայն Ասադի, այլեւ Իսրայելի հետ, որը, վերջապես, հասկացավ «ջինը» դուրս է եկել շշից եւ դա վտանգավոր է իր համար: Նույն համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի, Իրաքի եւ ԱՄՆ-ի հետ»:

Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ ռուսական օդուժը մեծ հաջողությամբ է գործում՝ հենվելով սիրիական եւ իրաքյան հետախուզական տվյալների վրա: Ինչ վերաբերում է ԻՊ-ին, ապա ահաբեկիչների հնարավորությունները բավականին նվազել են, սիրիական կառավարական զորքերը շարունակաբար հետ են գրավում տարածքները. «Ըստ տեղեկությունների՝ այս ամենի մեջ հայ համայնքը մղձավանջից ազատվելու հնարավորություն է տեսնում: Տարօրինակ կերպով բոլորի մոտ ոգեւորություն է՝ բոլորն ասում են, որ ԻՊ-ի դեմ պայքարի վիրտուալ քաղաքականությունը փոխարինվել է իրական պատերազմով: Իսկ ինչով այս ամենը կավարտվի, դժվարանում եմ ասել, բայց արդյունքն այն է, որ ԻՊ-ն դադարել է հաղթող լինել»:

«Նորավանք»-ի տնօրենը չի կիսում կարծիքը, թե մերձավորարեւելյան ճգնաժամը Հայաստանին չի վերաբերում. «Խնդիրն ամբողջ հայկական հանրությանն է վերաբերում: Արաբական գարունով սկսված քաոսը հանգեցրել է նրան, որ Մերձավոր Արեւելքում հայկական համայնքները վերացել են: Նույնը վերաբերում է նաեւ եզդիներին եւ ասորիներին»:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարին միացել է նաեւ Թուրքիան, որը եւս օդային հարվածներ է հասցնում իսլամիստների դիրքերին: Սակայն դրանք շատ անգամ ուղղված են քրդերի դիրքերին, այսինքն՝ ԻՊ-ի դեմ պայքարը Թուրքիան օգտագործում է քրդական գործոնը թուլացնելու նպատակով:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ իրականում Թուրքիան բարդ իրավիճակում է հայտնվել՝ տուժածի դերում է, քանի որ քրդերի հետ խնդիրները բավականին լուրջ են:

Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ԻՊ-ի կողմից Ռուսաստանին «ջիհադ» հայտարարելը եւ առհասարակ՝ Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների գաղտնի գործունեությունը ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: «Բավականին մտահոգիչ հանգամանք է, որովհետեւ ահաբեկիչները տարածված են ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, որտեղ իսլամիստների հավաքագրման մեծ ցանց է ստեղծվել: Իսլամիստների մի մասը Սիրիայում կռվելուց հետո հետ է գալիս Ադրբեջան եւ Վրաստան եւ խմորումներ առաջացնում այդ երկրներում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հատուկ ծառայությունները համակարգված գործողություններ են իրականացնում հնարավոր ահաբեկիչներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ: Հայաստանը հանգիստ նստել չի կարող, ամեն ինչ հնարավոր է»,-ասաց Հարությունյանը:

Նրա տեղեկություններով՝ Սիրիայում ԻՊ-ի շարքերում մի հայ է կռվում. «Ռուսաստանի հայ է»:

Փորձագետի համոզմամբ՝ ԻՊ-ի ի հայտ գալը եւ տարածումը լոկալ երեւույթ չէ, ահաբեկչական նույն գործընթացը բնորոշ է նաեւ Աֆղանստանին, Չինաստանին, Աֆրիկային: Ահաբեկչություններ են գրանցվում նաեւ Ռուսաստանում, իսկ ԱՄՆ-ում ռասիստական հողի վրա բախումներ: Այս ամենն, ըստ Հարությունյանի, պայմանավորված է բազմակենտրոն աշխարհակարգի ձեւավորմամբ, որը բացի ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ռուսաստանից, հավակնում է ներառել նաեւ այլ խոշոր դերակատարների՝ տրանսնացիոնալ ընկերությունների, անկախ ՀԿ-ների եւ կրոնական կազմակերպությունների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031