Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 1-ին Ոչ-ի ճակատը հանրահավաք է անում ու նստացույց. «Զորեղ ճնշելու ենք ռեժիմին»

Հոկտեմբեր 21,2015 14:35

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր ներկայացրեց իրենց ծրագրերը:

Ոչ-ի այս ճակատի շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է հասնեն ռեժիմի հեռացմանը՝ միայն եւ միայն ժողովրդի ընդվզման միջոցով:

Նրա խոսքերով՝ բոլոր երկրներում էլ տականքներ կան, բայց ոչ բոլոր երկրներում է, որ այդ տականքը երկրի իշխանության ղեկին է. «Քանի այս տականքն է կառավարում մեր երկիրը, մեր երկրի ղեկից այս թայֆային, զորիբալայանական կլանին հեռացնելը դասական քաղաքական ձեւով հնարավոր չէ, սա բոլորս պիտի գիտակցենք»:

Ըստ նրա, մեր ժողովուրդը պատրաստ չէ երկարատեւ պայքարի այս ռեժիմի դեմ, պատրաստ է պոռթկալու, ընդվզելու, դա փաստ է, որ պետք է նկատի ունենալ. «Երկրորդ հանգամանքը, որ պետք է նկատի առնենք՝ հստակ իշխանափոխության, ռեժիմը ռադ անելու օրակարգով ժողովուրդը դժվարանում է փողոց դուրս գալ: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց մենք պետք է համապատասխան մարտավարությամբ այս դժվարությունները շրջանցենք»:

Խոսելով ժողովրդի մոբիլիզացիայի մասին՝ նա ասաց, որ ժողովրդին իրազեկելու խնդիր ունեն. «Դեկտեմբերի 1-ն է մեր կողմից որոշված թվականը: Այդ օրը իրազեկման խնդիրը, որ մենք ունենք, պիտի բավական չարչարվենք եւ մեր ծրագրերի մասին հասու լինենք մեր ժողովրդին: Մենք հրավիրում ենք դեկտեմբերի 1-ին, բայց ոչ այն նպատակով, որ հերթական անգամ հավաքվելու ենք Ազատության հրապարակում եւ նորից գնալու ենք տուն: Ոչ, այդպես չի լինելու: Մենք ուժեղ ճնշելու ենք, զորեղ ճնշելու ենք այս ռեժիմին: Ռեժիմը նահանջելուց բացի, այլընտրանք չունի: Ունի նահանջելու երկու տարբերակ՝ խաղաղ միջոցով եւ ոչ խաղաղ միջոցով: Եթե նրանք այս անգամ համարձակվեն խաղաղ բնույթի պայքարի դուրս եկած ժողովրդի նկատմամբ ուժ կիրառեն, նրանք պիտի ստանան համապատասխան պատասխան ժողովրդի կողմից, առաջինը՝ իմ կողմից: Այլընտրանք չկա, նրանք թող որոշեն՝ խաղաղությամբ են նահանջում, թե՞ բռնությամբ»:

Սեֆիլյանն ասաց, որ իշխանությունը կհասկանա՝ երբ ժողովուրդը զայրանում է, ինչէ լինում: Նա կոչ արեց այդ օրվան նախապատրաստվել հոգեպես, սրտով եւ մտքով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031